«Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»

«Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով մշակույթի նախարարությունը հանրային քննարկումներ է սկսելու։ Մինչ այդ, էլեկտրոնային եղանակով հավաքելու է կարծիքներ։ Նախարարության այս նախաձեռնությունն արդեն երկու օր է բուռն քննարկվում է։ Ի դեպ, հիմնականում բացասական կարծիքներ են հնչում։ Մշակույթի նախարարությունն իր նախաձեռնությունը հիմնավորում է՝ «շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ»։

Իհարկե, և Զվարթնոց անունը, և Շառլ Ազնավուրը, հայ ժողովրդի համար նվիրական, թանկ անուններ են։ Բայց արժե՞ մեկը հակադրել մյուսին, արժե՞ ընտրություն կատարել երկու արժեքների մեջ։ Հայը մշտապես, տարբեր հարցերում, կանգնած է եղել ընտրության առաջ։ Հենց այդ ընտրությունը շատ հարցերում խանգարել է մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը։

Օդանավակայանն իր անունը ստացել է ի պատիվ 7-րդ դարում կառուցված անկրկնելի Զվարթնոց տաճարի, որի միայն ավերակներն են մեզ հասել։

«Զվարթնոցը երկնային զորքերն են՝ հրեշտակները։ Իսկապես իմաստուն որոշում են ընդունել ժամանակին՝ մեր օդանավակայանն անվանելով ԶՎԱՐԹՆՈՑ։ Սա խորախորհուրդ հայերեն բառ է։ Եվ այսօր նոր հեծանիվ պետք չէ հորինել կամ զբաղվել անիմաստ պոպուլիզմով։ Ազնավուրի անունով կարելի է այլ հաստատություն անվանել»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ քննում են անունները, կարելի է ասել, որ «Զվարթնոցը» աշխարհի այն եզակի օդանավակայաններից է թերևս, որ հոգևոր խորհրդով համապատասխանում է, համահունչ է օդանավակայանի անվանը։ Նա նշեց, որ օդանավակայանը մոտ է Զվարթնոցի տաճարին, բայց, հավատացած է, երբ խորհրդային շրջանում անուն են որոշել, ներքին ենթատեքստ են ունեցել. «Թերևս նկատի են ունեցել նաև երկնային հրեշտակների պահապան լինելու գործառույթը, որ օդանավի հետ այդքան համընկնում է։ Այդպիսի հրաշալի անունը չի կարելի փոխել»։

Նա ասաց, որ եթե վերանան և «Զվարթնոց», և «Ազնավուր» անուններից, ընդհանրապես, պետք է ասել, որ անուն փոխելը երբեք ցանկալի չէ, բացառիկ դեպքերում պետք է անել։

«Հայկական օդանավակայանն իր հիմնադրման օրից հայտնի է Զվարթնոց անվամբ։ Երբ որ անվանափոխություն ենք կատարում, վերադառնում ենք զորայական կետի, որն այնքան էլ ցանկալի չէ»,- ընդգծեց գրականագետը։

Վ. Դևրիկյանի խոսքով, եթե Ազնավուրի հիշատակն են ցանկանում հարգել, այլ միջոցներով կարող են հարգել։

«Միգուցե նոր բան կառուցվի ու կոչվի նրա անունով, Ազնավուրի անունի համար էլ հատուկ նվիրատվություն անեն։ Բայց ուղղակի կամ անուղղակի ձևով Ազնավուրը պետք է հարաբերվի դրա հետ։ Ազնավուրը որևէ ձևի չի հարաբերվում «Զվարթնոց» օդանավակայանի հետ։ Աղետի գոտում մի որևէ բան կարող են Ազնավուրի անունով կոչել, նա անուրանալի վաստակ ունի աղետի գոտում։ Կամ, օրինակ, Գյումրիի օդանավակայանի համար կարող էր նման քննարկում ծավալվել»։

Նա նշեց, որ նախարարությունը նույնիսկ չպետք է քննարկում աներ։ Միաժամանակ հավելեց, որ լավ բան է քննարկումը, ազատ մտքի դրսևորում է, բայց …

«Զվարթնոցը նվիրական, հանրահայտ անուն է, մեր հպարտությունն է, անհեթեթություն է անվանափոխությունը։ Պատմական անունն ինչպե՞ս կարելի է փոխել։ Եթե բոլշևիկի անուն լիներ, հարկադրաբար դրված անուն լիներ, բայց Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»,– իր խոսքը եզրափակեց գրականագետը։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը կտրականապես դեմ է անվանափոխությանը։

«Կատեգորիկ դեմ եմ։ Օդանավակայանն արդեն շատ վաղուց Զվարթնոց է։ Եթե ամեն անգամ փոխենք, փոխենք, փոխենք, լավ բան չէ»,– ասաց նա, ապա հավելեց, որ կարող են Սպիտակի անունը փոխել ու Ազնավուր կոչել։

Ինչևէ։ Առջևում հանրային քննարկում է։ Իսկ նրանք, ովքեր ինտերնետից «հասկանում են» և ուզում են կարծիք հայտնել, կարող են լրացնել այս հայտաձևը: Ի դեպ, մի քանի անգամ կարող են լրացնել, քանի որ ընդունում է կարծիքներ նաև ֆեյք հասցեներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում