Փասադենայի քաղաքային խորհուրդը կքննի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագիծը

Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով Փասադենայի Հայ դատի հանձնախումբը մինչև 2015 թվականը ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցնի այս քաղաքում: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, Հայոց ցեղասպանության մասին համապատասխան արձանագրությամբ հուշարձանը կկանգնեցվի Փասադենայի հիշատակի այգում’ Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակն է Դիզայնի գեղարվեստի համալսարանի 26-ամյա ուսանողուհի Քեթրին Մենարդը:

Նախագծի համաձայն, հուշարձանն իրենից կներկայացնի 4,8-մետրանոց եռակնանի ցայտաղբյուր, որից 21 վայրկյանը մեկ ջուր կցայտի: Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում աղբյուրի մեջ 1,5 միլիոն կաթիլ ջուր է հավաքվելու՝ խորհրդանշելով ցեղասպանության զոհերին:

Դեռ 2013 թ. հուլիսի 16-ին Փասադենայի քաղաքային խորհրդի հանգստի գոտիների և այգիների հանձնաժողովը միաձայն հավանություն էր տվել նախագծին: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ին տեղի կունենան հուշարձանի նախագծի հաստատման քաղաքային խորհրդի լսումները:

2015 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը նշելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Օսմանյան կայսրության կազմակերպած և իրականացրած ոճրագործությունների զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակը վառ պահելու համար աշխարհի 33 երկրներում կանգնեցվել է 166 հուշարձան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում