Ո՞վ է վերահսկում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը

Ո՞վ է վերահսկում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի օդային դարպասներ հանդիսացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեությանը Times.am-ը մի քանի անգամ արդեն անդրադարձել է: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական վիճակագրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում ուղևորափոխադրումների տոկոսը «Զվարթնոցում» մեծ աճ է գրանցել, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ, որոնք շարունակում են սպասել իրենց լուծմանը և զգալի վնասում ավիաբիզնեսին Հայաստանում: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Երևանի օդանավակայանում ավիաընկերություններին մատուցվող ծառայությունների բարձր գներին:

Ինչպես հայտնի է, դեպի Երևան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները վաղուց են բողոքում «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման բարձր գներից: Շատերը պնդում են, որ հենց օդանավակայանի ծառայությունների գնի և որակի հարաբերակցությունն է, որ ստիպում է նրանց թանկ ավիատոմսեր վաճառել: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օդային ճանապարհով Հայաստանից արտասահման մեկնող քաղաքացիները շատ ավելի թանկ են վճարում, քան հարևան երկրների բնակիչները: Ավելին՝ Հայաստանի շատ քաղաքացիներ ճամփորդում են Թբիլիսիի օդանավակայանից:

Ինչպես արդեն նշեցինք, Times.am-ն այս խնդրին բազմիցս անդրադարձել է: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչները ժամանակին պնդում էին, որ ծառայությունների թանկ գնի պատճառը ուղևորափոխադրումների փոքր թիվն է: Ըստ նրանց նախկին պնդումների, «Զվարթնոցը» կարող է վերանայել իր գնային քաղաքականությունը, եթե օդանավակայանի ծառայություններից օգտվող ավիաընկերությունների և ուղևորների քանակը մեծանա: Սակայն հիմա, երբ ըստ պաշտոնական տվյալների այս ոլորտում ավելի քան 30 տոկոսանոց աճ կա, օդանավակայանից այլ բան են ասում: Մեր թղթակցի հարցմանն ի պատասխան «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը հետևյալ գրությունն էր ուղարկել երկու շավաթ առաջ. «Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը վերահսկում է օդանավակայանի սպասարկման գները և դրանք ամեն տարի վերանայվում են ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ուսումնասիրում են կոնցեսիոների կողմից արված և արվելիք ներդրումները և գործող սակագների համապատասխանությունը այդ ներդրումներին»:

Այս հարցի առնչությամբ մենք խոստացել էինք մեր ընթերցողներին, որ կփորձենք մանրամասներ ստանալ ՀՀ Կառավարությունից «Զվարթնոցի» ծառայությունների գնագոյացման իրենց մասնակցության մասին: Սակայն, պետք է խոստովանենք, որ մեր բազմաթիվ փորձերը դեռևս հաջողություն չեն ունեցել: Պետական տարբեր մարմիններ պատասխանատվությունը պարզապես մեկը մյուսի վրա են գցում:
Հայտնի է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից զատ վերջին շրջանում ոլորտի կարգավորմամբ է զբաղվում նաև Էկոնոմիկայի նախարարությունը: Պետական այս կառույցների և «Զվարթնոց» օդանավակայանի փոխգործակցության մասին որևէ տեղեկատվություն ստանալու մեր ջանքերը, ցավոք, դեռևս ապարդյուն են: Էկոնոմիկայի նախարարությունից Times.am-ին տեղեկացրին, որ իրենք զբաղվում են Բաց երկնքի քաղաքականության մշակմամբ ը իրականացմամբ: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք լիազորված չեն պատասխանելու մեր հարցին՝ խոստանալով հնարավորություն ընձեռել մեզ հարցերն ուղղել նախարարի տեղեկալներից մեկին կամ կոմպետենտ այլ անձի: Խմբագրությունը դեևս սպասում է այդ հնարավորությանը:

Times.am-ը փորձեց նաև հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն փաստացի մենաշնորհային դիրք է ձեռք բերել Հայաստանում՝ տիրանալով թե՛ Երևանի և թե՛ Գյումրու միջազգային օդանավակայաններին: Որքանո՞վ է այս իրողությունը նպաստում Կառավարության կողմից հռչակված Բաց երկնքի քաղաքականության լիարժեք իրականացմանը: Ի՞նչ մեխանիզմներ ունի ՀՀ Կառավարությունը վերահսկելու «Զվարթնոցի» գործունեությունը:

Բոլոր այս հարցերը դեռևս անպատասխան են: Հավանական է, որ այդպես էլ կմնան: Թերևս դա է պատճառը, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունն անխոչնդոտ շարունակում է կիրառել գնային այն քաաքականությունը, որը ձեռնտու է միայն իրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում