Ծաղկաձորում մեկնարկում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը

Հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: «Ես Եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Փառատոնի օրերին լույս կտեսնի «+Կինո» ամսագրի հատուկ համարը:

 Միջազգային երիտասարդական կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվի շուրջ 60-ը: Ի դեպ, ցուցադրությունները տեղի կունենան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կընձեռվի երիտասարդ կինոգործիչներին մասնակցելու ժամանակակից կինոարտադրության թեմայով քննարկումների:

«Ես Եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:

Կինոփառատոնի ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:

Հիշեցնենք, որ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:

Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն: Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում