Ոչ իշխանական չլինելու պատճառով չեն ընդունում

«Աբսուրդ է, որ Սահմանադրական փոփոխություններում նշվում է խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին, բայց  խոսք չկա  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ կապված: Այս գաղափարը մեզ համար անընդունելի է: Այս  դեպքում պետք էր ուրեմն  ասել՝  եկեք պարզապես բարձրացնենք խորհրդարանի դերը: Մենք կողմ ենք օրենսդիրի լիազորությունների ավելացմանը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն՝ անդրադառնալով  իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական  բարեփոխումներին:

Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցով   խորհրդարանական 4 խմբակցությունների՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ  ներկայացուցիչներից  աշխատանքային խումբ է ստեղծվում:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մասնակցելու է Տիգրան Ուրիխանյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունը» ներկայացնելու է  Թևան Պողոսյանը, «Օրինաց երկիր» խմբակցությունը՝  ես: Հենքը լինելու է  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, բայց  պահանջելու ենք նաև,  որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն: Ժողովրդական լեզվով ասած՝ տղամարդավարի պայմանավորվածություններ են ձեռք բերել, որպեսզի այս աշխատանքային խումբը գործի, այն էլ  ռոտացիոն կարգով»,-ընդգծեց  ՕԵԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու աշխատանքային խմբին, քանի որ    ընդհանուր օրենքի նախագիծ ունի նույն  հարցերի վերաբերյալ»,– ընդգծեց Մարգարյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանը միանալու ցանկություն  արտախորհրդարանական ուժերից հայտնել են «Արդարություն» և «Ագրարային» կուսակցությունները:

Հարցին, թե խորհրդարանական ոչ իշխանական ուժերի եռյակի կամ այլ ուժերի հետ ՕԵԿ-ի համագործակցությունը հնարավո՞ր է, Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ  դա չի բացառվի, եթե սկզբունքների համընկնում լինի: 

Հակադարձմանը՝ ինչո՞ւ է  ոչ իշխանական եռյակը կամ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ընդունում, իսկ ՕԵԿ-ին՝ ոչ, Մարգարյանն արձագանքեց.«Որովհետև մենք ընդդիմություն ենք և ոչ թե ոչ իշխանական»:

Ի դեպ պատգամավորը վստահեցրեց, որ  կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցություն  մարդկանց  լուրջ ներհոսք կա, իսկ  իշխանափոխության անհրաժեշտություն  ՕԵԿ-ում էլ են տեսնում՝ արտահերթ, թե հերթական ընտրությունների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում