«Արմավիր» ՔԿՀ-ի գործարկումից հետո այլ հիմնարկների ծանրաբեռնվածությունը կթուլանա

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ 30 տոկոսով կնվազի ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը, պրոբացիոն ծառայության կիրառմամբ էլ` նույնքանով դատապարտյալների քանակը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Հիմնարկի գործարկումից հետո բավականին բարելավում ենք ակնկալում: Մոտավոր 400 դատապարտյալ առաջին կորպուսում կունենանք: Մեզ մոտ ներկայում դատապարտյալները 4 հազարն են, նշանակում է` առաջին կորպուսը բացելուց հետո մոտ 10 տոկոսով ծանրաբեռնվածության անկում կլինի: Իսկ երբ երկրորդ ու երրորդ կորպուսները շահագործվեն առաջիկա տարում, մոտ 1000-1200 դատապարտյալի հաշվարկով ևս 30 տոկոսով ՔԿՀ-ների թեթևացում կլինի»,-հայտնեց նախարարը:

Թե ինչու է ձգձգվում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը հարցին ի պատասխան Հովհաննես Մանուկյանը նշեց, որ ինչպես մյուս շինությունները, այնպես էլ քրեակատարողական հիմնարկի շենքը ունի կառուցման ստանդարտներ, որոնք պետք է պահպանել: «Ի տարբերություն սովորական շենքային համալիրի, որն ունի կառուցման ստադարտներ, այստեղ անվտանգության ու լրացուցիչ հարցեր կան, ինչը մեզ ստիպում է լիարժեքորեն համոզվել, որ ամեն ինչ նորմալ է, նոր շահագործել: Մենք չենք կարող հիմնարկի բացումը 15 օր շուտ կամ ուշ անելու պատճառով վնասել անվտանգությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև պրոբացիոն ծառայությանը` նշելով, որ այն կգործի, հավանաբար, կամ հաջորդ տարվա վերջից, կամ 2016-ի հունվարից: «Այս առումով ևս մենք ակնկալում ենք իրավիճակի լուրջ փոփոխություն, քանի որ քաղաքակիրթ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոբացիոն ծառայության ակտիվ ու արդյունավետ գործունեության արդյունքում ևս 30 տոկոս բեռնաթափում է տեղի ունենում ու դատապարտյալների ծավալների նվազում&r aquo;-հավելեց Հովհաննես Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում