Փաշինյանը կրկին հագնում է «հեղափոխականի կամուֆլյաժը»

Նմանատիպ
Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խոսույթում պարբերաբար վերադառնում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, քրեական պատասխանատվության ենթարկելու թեման։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը պնդում են, որ քաղաքացիները հանդիպումների ժամանակ շարունակաբար հարց են բարձրացնում՝ «ինչո՞ւ նախկին նախագահները չեն ձերբակալվում»։ Այս թեզի տարբեր հարթակներով հանրայնացումը, ամենայն հավանականությամբ, ունի նաև հաշվարկված քաղաքական նպատակներ։
Ինչպես բնորոշ է Փաշինյանի վարչակարգի գործելաոճին, մինչ կոնկրետ գործողությունների իրականացումը, նախօրոք փորձ է արվում չափել հանրային տրամադրությունները։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը նպատակային «թեստավորում» է անցկացնում՝ հնարավոր զարգացումների հանդեպ հասարակական արձագանքը գնահատելու համար։ Սովորաբար դա արվում է տեղեկությունների դոզավորված «արտահոսքի» (սլիվ) միջոցով, ինչը թույլ է տալիս աստիճանաբար «եփել» հանրային ընկալումը՝ համաձայն «Օվերտոնի պատուհանի» սկզբունքի։
Այս գործելաոճն ակնարկում է, որ գործող իշխանությունն իր ռազմավարական օրակարգում արդեն ունի որոշակի հաջորդական քայլեր, որոնք նախապատրաստում է այս փուլում՝ ըստ իր համար նպատակահարմար քաղաքական ժամանակացույցի։ Թեմայի մշտապես ակտիվ պահելու փորձը հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում, և այն նպատակաուղղված է վարչապետի քաղաքական վարկանիշի անկման պայմաններում նոր «դեմոնիզացման» փաթեթ հրամցնելուն՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։
Յոթ տարի իշխանության ղեկին գտնվելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է վերադառնալ իր՝ երբեմնի ընդդիմադիր կերպարին՝ կրկին հագնելով «հեղափոխականի կամուֆլյաժը» և հասարակությանը ներկայանալով որպես կոռուպցիայի ու թալանի դեմ պայքարող առաջնորդ, այնպիսի տպավորություն ստեղծելով, կարծես երկրի ներկայիս ծանր վիճակի հետ ինքն առհասարակ կապ չունի, և Հայաստանն այսօր էլ շարունակում են կառավարել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ ինքն ընդդիմադիր «ազատամարտիկի» դերակատարում ունի։
Սրանով է պայմանավորված, որ իշխող խմբակցության ներկայացուցիչները, մասնավորապես Ազգային ժողովի ամբիոնից, անընդհատ անդրադառնում են այս հարցին՝ «ժողովրդի պահանջը» ներկայացնելու պատրվակով։ Վերջին հարցուպատասխանների ժամանակ այս մասին խոսեց նաև անձամբ Փաշինյանը՝ նշելով, որ «մեզ ասում են՝ ինչո՞ւ չեն նստած», սակայն միևնույն ժամանակ հստակեցրեց, թե ինքը իրավապահ համակարգ չէ և չի կարող այդ հարցում անմիջական միջամտություն ունենալ։
Այնուամենայնիվ, այս խոսույթին զուգահեռ, տեսնում ենք, որ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի հարուցումն ընդդեմ նախկին նախագահների և նրանց շրջապատի շարունակվում է։ Այս գործընթացի ակնհայտ արտացոլումը կարող ենք տեսնել Ազգային ժողովում՝ դատախազության և Քննչական կոմիտեի զեկույցների քննարկումների և դրանց շուրջ հնչող ելույթների մակարդակում։
Ստացվում է հակասական պատկեր. մի կողմից՝ իշխանությունը խոսում է սեփական կամքից անկախ, իրավական պետության սկզբունքներից ելնող մոտեցման մասին, մյուս կողմից՝ փաստացի կյանքի է կոչում մի պլան, որը հստակ քաղաքական լոգիկայով է առաջնորդվում։ Եվ սա, ամենայն հավանականությամբ, դեռ միայն նախաբանն է. որքան կմոտենա 2026 թվականի ընտրական փուլը, այնքան այս թեման կսրվի, և չի բացառվում, որ գործի դրվեն նոր մեխանիզմներ՝ ներառյալ հնարավոր քաղաքական հետապնդումների և իրավական գործընթացների ակտիվացում։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում