Ստամբուլը դառնում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմնական հարթակը. Շոյգու

Ստամբուլը դառնում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմնական հարթակը. Շոյգու

Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հիմնական հարթակը: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ստամբուլյան հարթակը դառնում է Սև ծովի, սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի, այժմ էլ ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հիմնական հարթակը»,- ասել է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների ուղղությամբ ստամբուլյան հարթակ տրամադրելու համար: «Գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասել է Շոյգուն:

Շոյգուի գնահատմամբ՝ «ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով»։ «Անկարայի հետ մեզ կապում է առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացումը»,- փաստել է ՌԴ ԱԽ քարտուղարը:

Շոյգուի կարծիքով՝ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը «մեծապես պայմանավորված է երկու երկրների առաջնորդների վստահության երկխոսության ինտենսիվությամբ, նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար շփվում են հեռախոսով»։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ «առաջնորդների միջև հերթական հանգամանալից զրույցը տեղի է ունեցել մայիսի 11-ին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում