Թուրքիան կօգտագործի բոլոր հնարավորությունները ՌԴ-ի և Ուկրաինայի հաշտեցման համար․ Էրդողան

Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մշտական կապ է պահպանում Մոսկվայի և Կիևի հետ, կօգտագործի իր բոլոր դիվանագիտական հնարավորությունները հակամարտության կարգավորման համար։
Ըստ հայտարարության՝ Էրդողանն ասել է․ «Մենք շարունակում ենք ձգտել խաղաղության և կշարունակենք մեր ջանքերը: Մենք կապի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք ներկայիս ներուժը դիտարկում ենք որպես մշտական խաղաղության հնարավորություն։
Մենք ամեն անգամ հիշեցնում ենք, որ այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Եկեք չփակենք հնարավորությունների այս պատուհանը։ Մենք օգտագործում ենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը՝ խաղաղության համար։ Մեր տարածաշրջանում այդ մեծ հրդեհի մարումն ինչպես հումանիտար պարտք է, այնպես էլ համապատասխանում է մեր երկրի շահերին»։
Anadolu գործակալությունը մեջբերելով Էրդողանի խոսքը՝ նշում է, որ նախագահը համապատասխան հայտարարությունն արել է Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում։
Թուրքիայի առաջնորդը նշել է նաև, որ ցանկալի փոխզիջման հասնելու հույս ունի։ «Ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պատերազմը հիմնովին փոխեց Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և հատկապես նրա էներգետիկ քաղաքականությունը:
Եվրամիությունը հնարավորություններ է փնտրում էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Եվ դա մեծացնում է էներգառեսուրսների տարանցիկ երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին Թուրքիան է»,- հավելել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում