Փաշինյանի տուրիստական այցը Ստամբուլ. Հայտարարություններից հետո մի՛ շտապեք շունչ քաշել

Փաշինյանի տուրիստական այցը Ստամբուլ. Հայտարարություններից հետո մի՛ շտապեք շունչ քաշել

Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտած հայերի՝ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատում Էրդողանն ընդունեց Փաշինյանին։ Դիմավորման արարողության կադրերում երևում է, որ գոնե սկզբում Փաշինյանն այս անգամ չի ժպտում։ Բանակցությունները սկսվել են երեկոյան ժամը 7-ին, 8-ն անց կեսին թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունն արդեն տարածեց հանդիպման տեսանյութը, որում նաև երևում էր բանակցությունների ավարտը՝ Էրդողանը դուրս էր եկել պալատից և մեքենայի մոտ ճանապարհում էր Փաշինյանին։

Հայկական և թուրքական կողմերը պաշտոնական հայտարարությունները տարածեցին գրեթե միաժամանակ, և տեքստերը տարբեր են։

«Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը», ֊ նշված է ՀՀ կառավարության տարածած տեքստում։ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը Պրահայում հայտարարել էր, որ կարգավորման այս գործընթացում «բազմաթիվ գործնական արդյունքներ չկան»։ Թուրքական կողմի տարածած հայտարարության կոնկրետ և գործնական արդյունքներով ոչ ոք հետաքրքրված չէ։ Այդ ձևակերպումը չկա։ Միայն նշված է, որ «քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները»։

Սա նշանակում է, որ Հայաստան ֊ Թուրքիա սահմանը փակ կմնա, որքան էլ Փաշինյանի կառավարությունը չափազանցություն չի լինի ասել՝ «մուրա» այդ սահմանի բացումն ու Մարգարան նորոգի։ Անգամ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու մասին, ոչ ոք չի էլ հիշել։ Եվ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Զրո զիջում թուրքական կողմից։

Որովհետև կա Փաշինյանի պարտության գործոնը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողից ավելին է հնարավոր ստանալ։ Անգամ Հայոց ցեղասպանության պատմությունը վերանայելու անհրաժեշտության մասին հայտարարություն, ճիշտ ինչպես առաջարկում է Էրդողանը։ Անգամ պատմական Հայաստանի փոխարեն իրական Հայաստանով բավարարվելու պնդումներ, երբ հայերին հիմա փորձում են համոզել, թե պատմական Հայաստանը սպառնալիք է, բայց նույն թուրքերը իրենց պատմությամբ են ուղղորդվում՝ Սիրիան վերցնելն ու պանթյուրքիզմի զարթոնքը վառ օրինակ։ Արարատի փոխարեն Արագածին նայելու հայտարարություն։

Փոխարենը, իհարկե, կարելի է ոչինչ չտալ՝ Ստամբուլում տուրիստական պտույտից, Էրդողանի հետ մի քանի լուսանկարից բացի։

Ավելին՝ այդ տուրիստական այցից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահը հայերին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։ Մարաշում, որտեղ երկու տարի առաջ 50 հազարից ավելի զոհով երկրաշարժ էր եղել, գրկելով ու համբուրելով Էրդողանը դիմավորեց Ալիևին։ Բաքվի օկուպանտը գնացել էր թուրքերի առաջ գովելու Էրդողանին, որի ռեյտինգն այդ ռեգիոնում փրկելու կարիք կա, մի ամբողջ թաղամաս կառուցելու, ինչը ֆինանսական հսկայական ներդրում է, մանավան երբ Էրդողանի գրպաններում քամի է, ու Ալիևի ելույթի ժամանակ ամբոխի ցնծությունը «Ղարաբաղ» վանկարկումով։ Հետո Էրդողանի ելույթ, որը խոսեց «Խոջալուի ցեղասպանության» մասին՝ արտասանելով նաև մի բանաստեղծություն նության» մասին՝ արտասանելով նաև մի բանաստեղծություն Աբդուրրահիմ Քարաքոչից՝ նվիրված «Ղարաբաղի ցավին ու դարդին»։ Սա է իրական Թուրքիան։ Թուրքերը հայերին ցեղասպան են անվանում։ Ինչու։

Պատճառները ուրվագծված են նաև առաջին հայացքից խիստ պաշտոնական, բայց իրականում խոսուն տեսքտերում՝ Փաշինյան ֊ Էրդողան հանդիպման օրակարգի մասին։

Հայկական կողմի տեքստում նշված է.«Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին»։

Էրդողանի գրասենյակը բավարարվել է միայն հայտնելով, որ «քննարկվել են տարածաշրջանին վերաբերող ներկա զարգացումները»։ Համագործակցության հնարավորությունների մասին թուրքական կողմը չի հայտնում։

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության բանակցություններում» ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկա կոնյուկտուրայում։ Նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը win-win սկզբունքով զարգացնելու նպատակով գործադրվող ջանքերին։

Այստեղ պետք է հասկանալ, թե որն է ներկա քաղաքական կոնյուկտուրայի Էրդողանի ընկալումը և Էրդողանի win ֊ը/շահը, որը՝ Փաշինյանի։ Թուրքիան, էրդողանական Թուրքիան հատկապես Հայաստանին առնչվող մեկ կոնյուկտուրա և շահ ունի՝ Հայաստանի տարածքն ընկած է դեպի Թյուրքական աշխարհ տանող ճանապարհին, և Թուրքիային պետք է այդ տարածքը։ Ուզենք, թե ոչ, ուզի Փաշինյանը, թե ոչ՝ սա է իրողությունը։ Կլինի միջանցք, անցում, թե խաչմերուկ՝ փաթեթավորումը կարևոր չէ, որովհետև վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի տարածք՝ թուրքական դե ֆակտո/դե յուրե/մասնակի/ամբողջական վերահսկողությամբ։ Հայերից տարածքներ խլելու համար թուրքերը մի անգամ ցեղասպանություն են գործել։ 110 տարի առաջ։ Եվ ժամանակակից թուրքերը վերահաստատել են նույնն անելու պատրաստակամությունը Արցախում։

Այս հարցին առնչվող բանակցային հատվածի վերաբերյալ ՀՀ կառավարությունը հայտնում է, որ «մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»։

Իհարկե, Էրդողանին պետք է այդ խաղաղության գործընթացը՝ իր ազգակից Ալիևի պահանջների ու նախապայմանների կատարմամբ, Էրդողանը դեմ չի լինի նաև «Խաղաղության խաչմերուկ» կոչվածին, «Զանգեզուրի միջանցքի» անունը կարող է անգամ «Երջանկության խաչմերուկ» լինել։ Հարցն այն է, թե ո՞ւմ խաղաղության, ո՞ւմ երջանկության։

Կարող է թվալ, թե ստամբուլյան հանդիպման արդյունքով, լավ է, ոչինչ չհանձնեցինք։ Մանավանդ, որ հանդիպման մասին հայտնի դառնալուն պես հնարավոր վատթարագույն օրակարգն էր քննարկվում։ Հիմա, երբ առերևույթ ոչինչ զիջված չէ, պետք չէ հանգիստ շունչ քաշել։ Որովհետև Նյու Յորքում ևս Էրդողան ֊ Փաշինյան հայտնի հանդիպումից հետո նման մի տեքստ տարածվեց։ Հետո արդեն պարզ դարձավ, որ պետք է, օրինակ, վերանայենք Հայոց ցեղասպանության պատմությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը փաշինյանական ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։

Եվ վերջում՝ Փաշինյանը Ստամբուլ է հասել օրվա առաջին կեսին։ Ամբողջ օրն էրդողանը զբաղված էր իր առօրյա ելույթներով, հոխորտանքներով՝ թուրքական հեռուստաալիքներն ուղիղ եթերում ցուցադրում էին։ Օրակարգը անգամ չի փոխվել հյուրին՝ Փաշինյանին ընդունելու համար։ Քանի դեռ Էրդողանը զբաղված էր Փաշինյանը զբոսնել է Ստամբուլում, մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, հայերի հետ է հանդիպել, բայց ոչ նրանց, ովքեր ապրում են այդ եկեղեցու մոտակայքում /հիմնականում Հայաստանից Թուրքիա աշխատանքի համար մեկնած հայերն են, սոցիալական ծանր պայմաններում/։ Փաշինյանն այցելել է Կապույտ մզկիթ, Ստամբուլի զբոսաշրջային մզկիթներից մեկն է սա։ Կարող էր Սուրբ Սոֆիա գնալ, հենց Կապույտ մզկիթի դիմաց է, որովհետև բյուզանդական տաճարն Էրդողանն է մզկիթի վերածել ու հազիվ թե թուրքական կողմը դեմ լիներ։ Կապույտ մզկիթի փոխարեն Սուրբ Սոֆիայի տաճար մտնելը ուղերձ կլիներ, հեռատես կլիներ, ոչ թե այսպես՝ «անտեղյակ տուրիստ»։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում