ՀԷՑ-ի դեմ դեմարշ կամ «Աջարիա 2»

ՀԷՑ-ի դեմ դեմարշ կամ «Աջարիա 2»

Գաղտնիք չենք բացահայտի, եթե նշենք, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական միջավայրը զգալիորեն ազդվում է քաղաքական որոշումներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում ներդրումային դաշտի վրա։ Ըստ էության՝ տնտեսության ներդրումային հատվածը չափազանց զգայուն սեգմենտ է, և ցանկացած գործողություն կամ քայլ կատարելիս անհրաժեշտ է հաշվարկել ու գնահատել առկա բոլոր ռիսկերն ու դրանց հետևանքները։

Ասվածը, սակայն, կարծես թե չի վերաբերում Նիկոլ Փաշինյան քաղաքական կերպաի վարքագծին, քանի որ այն, ինչ կատարվում և շարունակվում է կատարվել հայաստանյան իրականությունում, դուրս է ցանկացած տրամաբանական չափանիշներից։

Մասնավորապես, վերջին օրերին հանրապետությունում լայն քննարկման առարկա է դարձել Փաշինյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջև ծագած կոնֆլիկտը։ Փորձագետների համոզմամբ՝ այս հակասությունը ոչ միայն վնասում է ազգային նշանակության էներգետիկ այս կառույցին, այլև լրջորեն սպառնում է ներդրումային ընդհանուր մթնոլորտին։

Փորձենք հասկանալ՝ ինչ ռեալ ռիսկեր ու խնդիրներ են ի հայտ գալիս ՀՀ ներդրումային ոլորտում, և ինչ խորքային հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները։

Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ը Հայաստանում ամենակարևոր էներգետիկ ենթակառուցվածքներից է։ Նրա կայուն գործունեությունը երաշխավորում է էներգետիկ անվտանգությունը և խթանում ներդրումային վստահությունը։ Ընկերությունը փաստացի ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի բնականոն գործունեության ցանկացած խաթարում կարող է բերել համակարգային լուրջ խնդիրների։

Սամվել Կարապետյանը՝ որպես ընկերության հիմնադիր և խոշոր ներդրող, հանդես է գալիս որպես առանցքային գործոն նաև տնտեսության այլ ճյուղերում։ Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները՝ պատճառաբանված տարբեր «կապրիզներով», խարխլում են ընկերության ֆինանսական կայունությունը և հարվածում նրա հեղինակությանը։ Սա խաթարում է ներդրումային վստահությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործարար շրջանակների մոտ։

ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ լուրջ նախադրյալ Հայաստանի ներդրումային միջավայրի անկման համար։ Ակնհայտ է այն սպառնալիքը, որ այս գործընթացը հանգեցնելու է ազգային և միջազգային ներդրողների վստահության կորստին, կապիտալի արտահոսքին, գործարար ակտիվության նվազմանն ու տնտեսական անկայունության խորացմանը։ Սա իր հերթին կհանգեցնի ֆինանսական շուկայի լարվածության և նույնիսկ ֆինանսական քաոսի։

Արդյունքում՝ լուրջ ներդրողները դժվար թե իրենց կապիտալը ուղղեն մի երկիր, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել քաղաքական քմահաճույքով։ Ավելին՝ Փաշինյանի գործողություններն այսօր որոշ շրջանակներում ընկալվում են որպես բացահայտ պետական տեռոր՝ ուղղված մասնավոր բիզնեսների դեմ։

Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաև արտաքին դերակատարների հնարավոր ակտիվացումը։ Տվյալ խառնաշփոթի պայմաններում ստեղծվում է պարարտ հող՝ այլ երկրներում գրանցված, հիմնականում թուրքական և ադրբեջանական կապիտալով ընկերությունների համար, որոնք կարող են մտնել Հայաստանի տնտեսություն՝ զբաղեցնելով վակուումում թողնված դիրքերը։

Դա լրջագույն սպառնալիք է ոչ միայն տնտեսության, այլև ազգային անվտանգութեան համար, քանի որ նման ընկերությունները գործում են իրենց պետությունների տնտեսական և քաղաքական շահերից ելնելով, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ՀՀ տնտեսական ինքնիշխանության խախտմանը։

Այս ամենը, երկարաժամկետ կտրվածքով, կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Հայաստանը փաստացի կորցնի իր ինքնիշխանությունը՝ դառնալով տնտեսական ու քաղաքական առումով կախյալ միավոր։ Ահա այստեղ է, որ հնչում են «Աջարիա 2»-ի վտանգի մասին կանխատեսումները՝ առանց չափազանցության։

Հայաստանի տնտեսության և ներդրումային միջավայրի կայունությունը չափազանց խոցելի է քաղաքական միջամտություններից։ ՀԷՑ-ի շուրջ ընթացող զարգացումները պետք է դիտարկվեն որպես լուրջ ազդակ, որ երկիրը կանգնած է ռիսկերի շեմին՝ սկսած ներդրումների կորստից մինչև արտաքին քաղաքական և տնտեսական ազդեցության մեծացում։

Այս ամենը կանխելու համար անհրաժեշտ են համակարգային քայլեր, գործուն քաղաքականություն և լայն ներքին երկխոսություն՝ ներդրողների վստահությունը վերականգնելու և տնտեսական անվտանգության հիմքերը պահպանելու նպատակով։ Միայն այդպես հնարավոր կլինի զսպել քաոսի խորացումը և թույլ չտալ Հայաստանի՝ որպես անկախ տնտեսական միավորի, կորուստը։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում