«Ընդդիմադիր բոլոր գործիչները պետք է միանան իմփիչմենթի գործընթացին». Դավիթ Համբարձումյան

Նմանատիպ
«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու արդյունքում՝ վարչապետի թեկնածու, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը «24 News»-ին տված իր հարցազրույցում անդրադարձել է ներհայաստանյան վերջին զարգացումներին և խոսել Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ ներկայացնելու գործընթացի մանրամասների մասին։
Ստեղծված բարդ ու ռիսկային իրավիճակում՝ հնարավոր իմփիչմենթից հետո երկրի կառավարումը ստանձնելու հետ կապված, Համբարձումյանն ասել է. «ՀՀ անվտանգային ազատ անկումն օր առաջ կանգնեցնելու համար՝ այո՛, ես պատրաստ եմ ստանձնել այդ պաշտոնը և ղեկավարել ՀՀ կառավարությունը մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ես անկոտրում եմ իմ կամքի մեջ, և որևէ բռնաճնշում կամ քաղաքական ճնշում ինձ իմ ծրագրերից և քաղաքական նպատակներից հետ չի կանգնեցրել»։
Նա նշել է, որ 2018-ից ի վեր իշխանություններն ամեն ինչ արել են իրեն ճնշելու համար. տարբեր արհեստական ու շինծու քրեական գործեր են «կարել», որոնք հետագայում կարճվել են։ Իշխանություններին, ըստ նրա, ոչինչ չի հաջողվել։
Իմփիչմենթի համար անհրաժեշտ 54 ձայն ապահովելու մասին խոսելիս նա ասել է. «Խորը համոզմունք ունեմ՝ ԱԺ ՔՊ-ական ֆրակցիան միայն սրիկաներից չի ձևավորված։ Այնտեղ կան նորմալ մարդիկ, կան նաև մոլորվածներ, ովքեր, կարծում եմ, իրենց խոսքն ասելու են։ Համագործակցության եզրեր տեսնում եմ։ ՔՊ-ում էլ շատ մարդիկ կան, ովքեր օր առաջ ուզում են ազատվել այս բարդ գործընթացներից։ Կարծում եմ՝ եկեղեցու դեմ այս արշավները շատ քպ-ականներ նույնպես դատապարտում են։ Երբ ժամանակը մոտենա՝ այդ մարդիկ իրենց խոսքը կասեն։ Ընդդիմադիր բոլոր գործիչները պետք է միանան այս գործընթացին, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեն»։
Համբարձումյանի համոզմամբ՝ Հայաստանի բնակչության 80 տոկոսը կարծում է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ ««Հայաստան» խմբակցության մեր ընդդիմադիր գործիչները, կարծում եմ, այս հարցում նույնպես չեն հապաղի և իրենց ստորագրություններով կմիանան իմփիչմենթի գործընթացին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինեն կոնսուլտացիաներ՝ հետագա մարտավարությունը մշակելու ուղղությամբ։ Իմփիչմենթի գործընթացի հեռանկարին պետք չէ կասկածել. այն տեղի է ունենում՝ երկրում ընթացող բոլոր վատ գործընթացները կանխելու համար։ Բոլորս պիտի միավորվենք, որպեսզի կանխենք այն գահավիժող ընթացքը, ինչը կա ՀՀ-ում»,-ասել է Համբարձումյանը։
Նա շեշտել է, որ այս գործընթացները շատ հավանական է, որ տեղի ունենան հենց ամռանը, սակայն չի բացառել, որ դրանք կարող են ձգվել մինչև սեպտեմբեր. «Հետնիկոլյան Հայաստանի ընտրությունները հնարավորություն կտան բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին՝ իրենց խոսքն ասելու, ուժեղն ու թույլը ցույց տալու, դրսևորվելու համար։ Հետևաբար այս փուլում, կարծում եմ, ճիշտը միավորվելն է և իմփիչմենթի գործընթացին ակտիվ մասնակցելը»։
Հովիկ Աղազարյանի՝ Համբարձումյանի թեկնածությանը հնարավոր աջակցելու վերաբերյալ հայտարարության մասին խոսելիս՝ Համբարձումյանն ասել է․ «Իմ կարծիքով՝ Աղազարյանը ճիշտ ժամանակին համապատասխան ճիշտ կողմնորոշումը կունենա և կօգնի այս գործընթացին»։
Եկեղեցու շուրջ ընթացող բռնաճնշումների վերաբերյալ Համբարձումյանը նշել է. «Բարձրաստիճան հոգևորականներին կալանավորելով՝ փորձ է արվում նսեմացնել եկեղեցին։ Երբ անունը դնում են, իբր «ահաբեկչություն» է կանխվել, ոտնահարվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, քանի որ չկա դատական վճիռ»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փաշինյանին աջակցության վերաբերյալ՝ Համբարձումյանն ընդգծել է. «Մակրոնը միջազգային հանրություն չէ, և վաղուց պարզ է, որ հայ ժողովրդի ու Նիկոլ Փաշինյանի միջև նա ընտրել է վերջինին՝ հույս ունենալով ՀՀ-ին հեռու պահել Ռուսաստանից և ամբողջովին ուղարկել Թուրքիայի գիրկը»։
Սամվել Կարապետյանի կալանավորման փաստի վերաբերյալ Համբարձումյանն ասել է, որ վերջինս քաղբանտարկյալ է, և «աբսուրդ է նրան նման հոդվածով կալանավորելը։ Նման գործելակերպով իշխանությունները վերացնում են ՀՀ ներդրումային միջավայրը»։
Համբարձումյանն իր խոսքում նաև շեշտել է. «Փաշինյանի հեռացումից հետո ամբողջովին պետք է ստեղծվի համերաշխության մթնոլորտ։ Հասարակության մեջ պետք է վերացվի ատելությունն ու հայհոյանքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում