Մայր Աթոռի դեմ արշավի թուրքական ձեռագիրը

Մայր Աթոռի դեմ արշավի  թուրքական ձեռագիրը

Երեկվանից ողջ հանրությունը սպասում էր դեպի Վեհարան սպասվող հերթական խայտառակությանը, որի մասին իր գրառմամբ գուժեց Նիկոլ Փաշինյանը․ տևական ժամանակ է՝ նա անընդհատ ակնարկում է, որ նման գործընթաց, այնուամենայնիվ, լինելու է։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց է տա, որ լրջագույն մտադրություն ունի հարված հասցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ոչ միայն որպես հոգևոր կենտրոնի, այլև որպես ազգային ինքնության կռվան հանդիսացող հաստատության։ Սա զուտ քրեական կամ վարչական միջամտություն չէ, այլ հանրային, բարոյական, քաղաքական ու հոգևոր ճակատամարտ՝ Հայաստանի պատմական ճակատագիրը որոշող հանգուցային կետում։

Գաղտնիք չէ, որ Մայր Աթոռը միայն հոգևոր կառույց չէ․ այն այն եզակի հաստատությունն է, որ գոյատևել է բոլոր ներխուժումներից ու կայսրություններից անկախ՝ պահպանելով ժողովրդի հոգևոր դիմագիծն ու ինքնության կենտրոնացումը։ Այն պահին, երբ պետությունը դիմում է Էջմիածնի դեմ ճնշումների, հանրային վստահության ու հոգևոր համերաշխության վերջին շերտերն են կազմաքանդվում։ Այլ կերպ ասած՝ ժողովուրդը զրկվում է «հոգևոր ապաստարանից»։

Սա նաև բարոյական նահանջ է, երբ կեղծ օրինականությամբ պետությունը պատերազմ է հայտարարում այն հաստատության դեմ, որի ուսերին է մնացել ազգային համախմբման և պատմական շարունակականության հիմնական առաքելությունը։ Այդպիսով, նիկոլական վարչակազմը ոչ միայն քաղաքական, այլև բարոյա-հոգևոր կապիտուլյացիայի ճանապարհով է գնում։

Այս զարգացումները տեղավորվում են ոչ թե միայն ներքաղաքական կոնտեքստում, այլ առավելապես արտաքին՝ հստակ օտար ցուցումների հետք է երևում։ Առաջին հերթին՝ այս ոտնձգությունները ամբողջությամբ համընկնում են Թուրքիայի՝ պատմականորեն որդեգրած քաղաքականության հետ, որի նպատակը եղել է հայ ազգի մշակութային, կրոնական և լեզվական ուծացումը։

Պատմությունը ցույց է տալիս, որ ո՛չ պարսիկը, ո՛չ արաբը, ո՛չ մոնղոլը, ո՛չ թաթարը երբեք չեն դիտել Հայ Առաքելական Եկեղեցին որպես գոյաբանական սպառնալիք՝ քանի որ դրա ճշմարիտ դերը հասկացել են։ Հայոց եկեղեցու, ավելի կոնկրետ՝ հայի հավատքի հարցը խնդիր է եղել միայն Բյուզանդիայի, իսկ ավելի ուշ արդեն, թուրքական (սելջուկներ, օսմաններ, երիտթուրքեր և այլն) իշխանությունների համար։ Նշված դեպքերում մշտապես փորձել են կամ ամբողջությամբ ոչնչացնել հայկական եկեղեցին՝ այն դարձնելով իրենց կրոնի (տվյալ դեպքում հունադավան), կամ ուղղակի այն կազմաքանդել, քանզի հասկացել են, որ հենց եկեղեցին է այն միակ ուժը, որ հայ ազգի հավաքական հիշողությունն ու դիմադրողականությունը վերարտադրում է սերնդեսերունդ։

Այսօր տեղի ունեցողը հենց այդ ծրագիրն է, միայն թե այժմ՝ ոչ թուրք սուլթանի կամ բյուզանդական կայսեր հրամանով, այլ՝ հայերեն խոսող վարչապետի կամքով։

Անկարայի ազդեցությունը այստեղ չի սահմանափակվում քարոզչական տարրերով․ այն ներառում է նաև գործնական ճնշման մեխանիզմներ՝ տարածաշրջանային զիջումների դիմաց պահանջելով հայկական ինքնության կրող կառույցների չեզոքացում։ Ներքին գործադիր իշխանության՝ Մայր Աթոռի վրա գնացող ճնշումները գործում են որպես այդ պահանջների գործիքացում։ Հիմա՝ Նիկոլի ձեռամբ, թուրքական ծրագիրն իրականացվում է առանց մի փամփուշտի՝ իրավական և կառավարչական հսկողությամբ։

Եթե այսօր լռեն, ապա վաղն արդեն Վեհափառը կլինի նույն քաղաքական հալածանքի թիրախը։ Ինչպես դեռ Բագրատ և Միքայել սրբազանների կալանքների ժամանակ էր զգուշացվել՝ դա սկիզբն էր։ Հաջորդը կլինեն ոչ թե կաթողիկոսի ներկայացուցիչները, այլ հենց ինքը՝ Նորին Սրբությունը։ Սա ծրագրված արշավ է՝ հասնելու համար եկեղեցու գլխատմանը, նրան քաղաքականապես լռեցնելու ու հոգևոր լեգիտիմությունը վերացնելու համար։

Եկեղեցու պատասխանն այստեղ պետք է լինի ոչ թե հոգևոր հնազանդության, այլ գոյաբանական ինքնապաշտպանության տրամաբանության մեջ։

Եկեղեցու հնարավոր պատասխանները պետք է լինեն հստակ ու կոնկրետ․ բանադրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պետական կամ անհատական մակարդակով պատերազմ են հայտարարում Էջմիածնին։ Հաջրդիվ՝ նզովել ըստ սրբազան կարգի, ինչպես կիրառվել է պատմության բազում հանգրվաններում՝ ազգադավ ու եկեղեցադավ ղեկավարների դեմ։ Դրանից բացի՝ եկեղեցուց դուրս է հայտարարվում՝ բոլոր նրանց, ովքեր արդեն փաստացի գործում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ներառյալ հոգևորական կամ «քաղաքացիական» վեղարներ հագած կառավարիչները։ Այս ամենից հետո, միայն, համազգային համախմբման կոչ՝ տեսանելիորեն ցույց տալով, որ սա ոչ թե հոգևոր անձի խնդիր է, այլ՝ ազգային գոյության հարց։

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ամբողջությամբ սահում է դեպի թուրքերեն գրված սցենար․ զրկել հայ ժողովրդին պետականությունից՝ սահմանները հանձնելով, զրկել ինքնությունից՝ լեզուն քանդելով, ու վերջում՝ զրկել հոգևորից՝ եկեղեցին գլխատելով։ Սա թուրքական հազարամյա ծրագրի վերջին ակտն է՝ դերասանը հիմա հայերենով խոսող իշխանությունն է։

Իսկ եթե այս գծի դիմաց լռենք՝ ապագա սերունդը Հայ Առաքելական Եկեղեցին կկարդա գրքերում՝ որպես երբեմնի ազգային կռվան, որին ծնկի բերեցին «իրենն» ասող մի խումբ վարձկաններ։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում