Արթուր Սարգսյանն առաջարկեց՝ ոստիկաններն իրեն դատարան բերեն հետևի մուտքով

Արթուր Սարգսյանն առաջարկեց՝ ոստիկաններն իրեն դատարան բերեն հետևի մուտքով

18 արդարների գործով դատական նիստին ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի անձնագրի ու նույնականացման քարտի ժամկետը լրացել է։ Նա դատավորից խնդրել է թույլտվություն, որ պատգամավորը կարողանա այցելել անձնագրային բաժանմունք՝ նոր փաստաթղթեր հանելու համար։ Պաշտպանը տեղեկացրել է, որ  Սարգսյանը պետք է առաջադրվի խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։

«Որպես թեկնածու առաջադրվելու համար պրոցեսները շուտով մեկնարկելու են, շուտ ենք ներկայացնում նման միջնորդություն, որպեսզի ժամկետները բաց չթողնենք»,-ասել է նա։

Հանրային մեղադրողն ասել են, որ որևէ առարկություն չունեն։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը, մինչ հնչած հարցին անդրադառնալը, ասել է, որ ականատես է եղել, երբ ոստիկանները դատարան են ուղեկցում տնային կալանքում գտնվող Ա. Սարգսյանին, վերջինը շփվում է դատարանի բակում հավաքված մարդկանց հետ, ինչն արգելված է դատարանի որոշմամբ։ Ֆարխոյանն ասել է, դա վերաբերում է տնային կալանքում գտնվող մյուս մեղադրյալներին ևս։

«Ազատ շփում է տեղի ունենում, ինչն անթույլատրելի է։ Եթե շարունակվի այսպես, դա կդիտվի որպես խախտում»,-ասել է դատավորը։

Ի պատասխան պաշտպանն ասել է, երբ Ա. Սարգսյանին բարևում են մարդիկ, նրա որպիսությունն են հարցնում, դրանք անպատասխան թողնելը կդիտվի տարրական կուլտուրայի բացակայություն։

Դատավորին արձագանքել է նաև Արթուր Սարգսյանը՝ առաջարկելով, որ ոստիկաններն իրենց նիստերի դահլիճ բերեն դատարանի հետևի մուտքով։

«Անկեղծ եմ ասում, շատ դժվար է, մարդիկ գալիս ենք, հո չե՞նք փախնելու, եթե հնարավոր է, հետևի մուտքից բերեք, որ նման խնդիր չառաջանա»,-ասել է նա։

Դատավորը որոշել է որ սրանից հետո ոստիկանները նրանց կուղեկցեն մինչև նիստերի դահլիճ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում