Ստամբուլից և Ստեփանակերտից հետո Աբու Դաբի. Ալիևի «օրինական պահանջների» և Փաշինյանի պրոթուրանական ճանապարհի խաչմերուկում
Կարդացեք նաև
Հատկանշական է այն, որ Փաշինյան-Ալիև այս հանդիպումը տեղի ունեցավ Էրդողանի հետ այս երկուսի շփումներից հետո. Փաշինյանը՝ Ստամբուլում հունիսի 20 -ին, Ալիևը՝ հուլիսի 4- ին, Արցախի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սա ուրվագծում է առանց միջնորդների հռչակված բանակցությունների գլխավոր միջնորդին։ Հայտնի է նաև նրա ցանկությունը՝ Բաքվի օրինական պահանջների և Փաշինյանի ճկունության մասին։
Հատված Էրդողան-Ալիև երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականի տեքստից. «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցություններին, և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները»։
Հատված Ստեփանակերտից Թուրքիա վերադառնալիս օդանավում լրագրողներին տված Էրդողանի հարցազրույցից. «Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց հիմա տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում… Այն խաղաղությունը, որի տակ ստորագրելու են Հայաստանն ու Ադրբեջանը, փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը։ Բոլորը ականատես են լինելու, թե ինչպես են պատմական հնարավորության պատուհանները բացվելու մեկը մյուսի հետևից»։
Հատված Թյուրքական պետությունների կազմակերպության վերջին սամիթում Էրդողանի ելույթից, որում բացատրությունն է, թե ում համար են բացվելու պատմական այդ պատուհանները. «Թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք: Ուրախ ենք, որ ջան Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թյուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ»։
Եթե միավորենք, ապա Էրդողանը Բաքվի պահանջները համարում է օրինական, ակնկալում է, որ Հայաստանը կատարի դրանք «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը ստորագրելու համար, որի արդյունքում բացվելու է «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։ Եվ եթե սրան էլ ավելացնենք Թուրանի մասին Փաշինյանի հայտարարությունները Ստամբուլում, թե «Վա՜յ, նրանց նպատակը Թուրաննա: Ի՞նչ են ուզում նրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան ֊ գա՞ն, թող գնան-գան, վատա՞», ապա մեծ երևակայություն պետք չէ տեսնելու Աբու Դաբիի բանակցությունների օրակարգն ու բովանդակությունը։
Հիմա դետալների մասին։ Փաշինյան-Ալիև Աբու Դաբիում նախատեսված հանդիպման լուրը տարածվել էր դեռևս մեկ շաբաթ առաջ (Հայաստանի կառավարությունն ու Բաքուն հաստատեցին միայն նախօրեին)։ Մերձավոր Արևելքի զարգացումներին անդրադարձող, բայց Լոնդոնից աշխատող Middle East Eye կայքն էր առաջինը գրել, որ սպասվում է այս հանդիպում՝ անգամ նշելով տեղը։ Բայց ավելի ուշագրավ էր այն, որ նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը ներկայացրել էր ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը հանձնել ամերիկյան մասնավոր ընկերությանը:
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում նախագահի կաբինետի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը նախագահ Թրամփի ներկայությամբ թվելով ամերիկյան դիվանագիտության հաջողությունները հայտարարեց. «Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։ Ինչից հետո պետքարտուղարության բրիֆինգի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացնող լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ միջնորդությամբ այժմ գործընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչու է պետքարտուղարը հուսով, որ այս պատմությունը լավ կավարտվի, պետքարտուղարության խոսնակը պատասխանեց. «Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»:
Եվ այս ամենն ավելի են ընդգծում Մոսվայի դեմ Բաքվի չափազանց աղմկոտ դեմարշ իրական՝ միջանցքային բովանդակությունը։ Թեև ավելի վաղ թուրքական հեռուստաալիքների եթերում էր սա ընդգծվել։ CNN Turk-ի տեսանյութըց վերնագրված է այսպես՝ «Հիմնական թիրախը Զանգեզուրն է»։
Եվ ոչ թե քննարկումը վարող, այլ քննարկմանը մասնակցող լրագրող Գյունգոր Յավուզասլանը հարցնում է.
«Պուտինը դեմ է՞ Զենգազուրի միջանցքին։ Դե Ռուսաստան չեմ ասի, Ռուսաստան չկա, Պուտինն է»։ Թոշակի անցած գեներալ Մեհմեթ Օքքանը պատասխանում է. «Ո՞ւմ միջոցով էր Ռուսաստանն իր ազդեցությունը գործադրում տարածաշրջանում՝ Հայաստանի և Իրանի։ Սա փաստ։ Ինչո՞ւ։ Որովհետև Իրանի հետ ունի ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Հայաստանի հետ ունի անվտանգության և պաշտպանության համագործակցության համաձայնագիր։ Հետևաբար, այս երկու երկրների միջոցով նա փորձում էր տարածաշրջանում հավասարակշռությունը պահել իր օգտին։ Զենգազուրի միջանցքն ունի հետևյալ առանձնահատկությունը։ Իհարկե, եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի շրջանակներում, միջանցքը կշահագործվի Հայաստանի որոշմամբ, բայց Ռուսաստանի անվտանգության ուժերի սահմանապահ ստորաբաժանումներն ունեն մենաշնորհ այս միջանցքում։ Այսինքն՝ այս վայրը գտնվում է Ռուսաստանի սահմանապահ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Հետևաբար, չպետք է սպասել, որ Ռուսաստանը կհրաժարվի սրանից։ Պետք կլինի համոզել»։
Իսկ թե ինչպես են համոզում, ինչ մեթոդներով և ինչ առնչություն ունեն այդ մեթոդները Մոսկվա-Բաքու հարաբերություններում սկանդալային զարգացումների, Հայաստանում սկանդալային կալանավորումների և Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման հետ՝ ավելի քան պարզ է։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում