ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։
Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում