Իշխանության տոտալ թիրախավորումը շարունակվում է. ո՞ւմ է խանգարում ՀՅԴ-ն

Իշխանության տոտալ թիրախավորումը շարունակվում է. ո՞ւմ է խանգարում ՀՅԴ-ն

Վերջին շաբաթների իրադարձությունները՝ սկսած ՀՅԴ-ի հրապարակային թիրախավորումից մինչև եկեղեցու դեմ անթաքույց քարոզչական գրոհները, վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե պատահական, այլ համակարգված ռազմավարության հետ։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը,  առաջին հայացքից թվացյալ, բայց փաստացի ներդաշնակ տեմպերով առաջ է մղում մի ծրագիր, որի նպատակը ոչ թե կոնկրետ քաղաքական խմբերի վերահսկումն է, այլ ազգային ինքնության հիմնական կռվանների կազմաքանդումը։

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավն այսօր արդեն դուրս է եկել պատեհապաշտ քննադատությունների ու վարկաբեկման դաշտից։ Խոսքը համակարգված գործողությունների շղթայի մասին է, որի նպատակն է ոչնչացնել հոգևոր ինքնության ամենաամուր ինստիտուտը՝ եկեղեցին՝ որպես ոչ միայն կրոնական կառույց, այլ ազգային հոգևոր հիշողության կրող ու ինքնության շերտերի պահապան։ Սա հայկական ինքնության պառակտման փորձ է՝ այն կետից, որտեղ ազգը պահպանում է իր միասնականության հորիզոնները։

Իշխանությունների հաջորդ թիրախը, պատահական չէ որ դարձավ Դաշնակցությունը, որովհետև ՀՅԴ-ն պարզապես կուսակցություն չէ՝ դա պատմական քաղաքական հավաքականություն է, որն ամբողջությամբ կրում է Հայաստանի անկախության գաղափարաբանության, ազատագրական պայքարի, հայապահպանման և պետականության արժեքները։ ՀՅԴ-ն հանդիսանում է այն հենքը, որը չի ենթարկվում փաշինյանական մանիպուլյացիաներին, մերժում է թուրք-ադրբեջանական օրակարգը, բացահայտում է պարտվողականության հետևանքները։ Ուստի, այն կանգնած է վտանգի տակ, և պատահական չէր, որ քպ-ականները նախօրեին արդեն անոնսում էին ՀՅԴ-ի հնարավոր կասեցման մասին։

Ինչպես հայտնի է վերջին տարիներին ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է գործիքի՝ քաղաքական հաշվեհարդարի համար։ Դաշնակցության մի շարք ակտիվ գործիչների նկատմամբ իրականացված շինծու խուզարկություններն ու ազատությունից զրկման որոշումները վկայում են արդեն ոչ թե քաղաքական հետապնդման սկիզբի, այլ դրա վերջնական փուլին անցնելու մասին։

Ահա մի քանի միօրինակ իրավիճակներ, որին ականատես ենք դառնում տևական ժամանակ․ մարդկանց բնակարաններում ու տներում առանց ծանրացուցիչ հիմքերի իրականացվող խուզարկություններ, քաղաքական գործիչներն ու իշխանությանը քննադատողները կալանավորվում են  «կարված» գործեչով ու մերկ ենթադրությունների հիման վրա։ Դատարաններն իրենց հերթին դարձել են ցուցադրական կամակատար, և կալանքը դարձրել են մահկ գործիք, ոչ թե արդարադատության միջոց։

Նշենք, որ սրանք դասական ավտորիտար գործիքակազմ են, բայց մեր պարագայում դրանցով ոչ թե պարզապես վերահսկվում են քաղաքական մրցակիցները, այլ չեզոքացվում է ընդդիմադիր բովանդակությամբ ազգային կազմակերպված ներուժը, որը խանգարում է երկրի ներսում հաստատել նոր արժեհամակարգ՝ ապազգային և օտարամետ առանցքի շուրջ։

Փաշինյանի թուրքական հանձնարարականը շատ պարզ է և արդեն հստակ ուրվագծված է։ Նա արդեն պատրաստվում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրը, դա  ոչ միայն իրավական քայլ է, այլ հոգեբանական։ Դրանով փորձ է արվում կտրել պետության իրավական ու քաղաքական ինքնության կապը հայ ժողովրդի պատմական կամքի հետ։

Հաջորդ դրվագն Արարատ լեռը որպես հայկական ինքնության խորհրդանիշի պղծման փաստ է՝ այն ներկայացնելով որպես «պատմական Հայաստանից» մնացած դատարկ հիշողություն։ Երաշխավորված պետական հիմնասյուների՝ Եկեղեցու, Սփյուռքի, ազգային ուժերի դինամիկ կազմաքանդումը, ուղղված է ստեղծել մեկ կենտրոն՝ իշխանության ֆիզիկական գերակայություն՝ առանց ազգային հենարանների ու զսպող մեխանիզմների։

Սա պարզապես ներքաղաքական պայքար չէ։ Սրանով ոչ միայն պատրաստվում է իշխանության միահեծան պահպանման հերթական փուլը, այլ նաև իրականացվում է տարածաշրջանային խաղացողների թելադրած ծրագիր, որի տրամաբանությունը պարզ է՝ Հայաստանը պետք է դառնա «անարժեք» հանրություն՝ առանց սիմվոլիկ արժեքների, ազգ-եկեղեցի-պետություն եռամիասնության փոխարեն՝ ստեղծվի ձևական կառույց՝ ենթարկվող մեծ խաղացողների պահանջներին, դիմադրող, գիտակից և պատմական իր իրավունքներն իմացող միավորները պետք է վերացվեն՝ մեկ առ մեկ՝ ՀՅԴ, Եկեղեցի, Սփյուռքի կառույցներ, մտավորականություն։

Մենք արդեն իսկ կանգնած ենք ազգային կազմաքանդման երկրորդ փուլի առջև։ Եթե առաջին փուլում թիրախավորվեց Արցախը՝ որպես հայկական իրավունքների խորհրդանիշ, ապա այժմ հարվածն ուղղված է ինքնության հիմքերին՝ եկեղեցուն, սիմվոլիկային, ազգային քաղաքական ուժերին։

ՀՅԴ-ի նկատմամբ գործադրվող ճնշումները ուղիղ ազդակ են՝ ուղղված հանրությանը՝ որ պայքարող, դիմադրող, ազգային շահերը բացահայտ ներկայացնող ցանկացած կառույց հայտնվելու է բռնաճնշման տակ։ Սա մեկ կուսակցության հարց չէ, այլ պայքար է՝ անկախության վերջին նշույլների պահպանման համար։

Ուստի՝ անհրաժեշտ է ստեղծել հանրային դիմադրության լայն համախմբում, որի առանցքում կլինեն ոչ թե կուսակցական շահերը, այլ պետականության արժանապատվությունը Եկեղեցին, ազգային կուսակցությունները, երկրի երեք նախագահները պետք է միմյանց թիկունք կանգնեն առանց երկմտանքի՝ մի կողմ թողնելով բոլոր քաղաքական ամբիցիաները։  Բացի դրանից՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հասկանա՝ լռությունը այլևս չեզոքություն չէ, այլ համաձայնություն ազգային կազմաքանդման հետ, որովհետև այսօր հարվածում են նրանց, ովքեր պայքարում են։ Իսկ վաղը հարվածելու են նաև նրանց, ովքեր լռել են։

Հայաստանյան կառվարիչների վերջնական նպատակը հայկական պետության վերաիմաստավորումն է՝ արդեն ոչ թե հայկական տեսանկյունից, այլ թուրքական տարածաշրջանային ճարտարապետության շրջանակներում։

Արմեն Հովասափյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում