Հուլիսի 12-ին արցախցիները հանրահավաք են անցկացրել Ազատության հրապարակում

Հուլիսի 12-ին արցախցիները հանրահավաք են անցկացրել Ազատության հրապարակում

Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ուենցավ արցախցիների կազմակերպած հանրահավաքը․ մինչ այդ ոստիկանությունը բավական մեծ թվով ոստիկանական ուժեր էր կենտրանացրել մայրաքաղաքի կոնտրոնական փողոցներում։

Նշենք, որ հանրահավաքից առաջ արցախցիները քննադատական տարբեր հայտարարություններով դատապարտում էին ՀՀ իշխանությունների դրսևորած վարքագիծն ու քայլերը։

Արցախցիներից մեկն ասել է․ «Նիկոլ Փաշինյան, 7 տարի է դու ժողովրդին խաբում ես: Քո ասած խոսքերին ժողովուրդը չի հավատում, որովհետև չկա մի բան, որ ասած լինես ու կատարես: 7 տարի՝ խաբում ես: Էնքան խիղճներդ արդեն կորցրել եք, որ Ազգային ժողովում ասում ես, եթե ժողովրդին չասեի կարմիր գծերն ու արագաչափերը հանելու եմ, ինձ չէիք ընտրի: Փաստորեն, ժողովրդին ինչի տեղ ես դրել: Ժողովուրդն էն ժամանակ կհավատա, որ դիմում գրես, թողես դուրս գաս: Խելոք մարդիկ շատ կան: Ես առաջին օրից տեսել եմ, որ Փաշինյանն անլուրջ մարդ է: Իր հայրը հայտարարել է՝ Նիկո՛լ,  քեզնից խելոք մարդիկ շատ կան, դու չես կարող երկիրը կառավարես»։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հետ կատարված գործընթացներին՝ արցախցին նկատել է որ իշխանությունները նույնիսկ Կարապետյանի  նկարներից էլ են վախենում, ամեն տեղից հանում են: Նա զարմացել է հատկապես մտավորականների և շոու բիզնեսի ներկայացուցիչների լռությունից. «Ես զարմանում եմ : Սամվել Կարապետյանը տարին մեկ անգամ Տաշիր համերգ  էր կազմակերպում, տանում երգիչներին մի քանի օր պահում, նվերներով ճամփում էր, ո՞ւր են էսօր նրանք: Մի քանի օր առաջ դատախազության դիմաց միայն Ռազմիկ Ամյանին տեսա, բա ո՞ւր են մնացածը: Վախենո՞ւմ եք, որ գնաք հարսանիքներում երգեք, ասեն՝ բերեք, փող մուծե՞ք պետությանը, եկեք երեւացեք»:

Անդրադառնալով Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող իշխանությունների արշավին՝ արցախցին դիմել է Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, սպեցնազը նրա համար չի, որ ուղարկես Էջմիածին՝ եկեղեցի, սպեցնազն ուղարկի ադրբեջանցիների կողմից Հայաստանի զավթած  տարածքները թող ազատի»:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Աշոտ Ավանեսյանն իր խոսքում ասել է․ «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մեր պահանջագրի 12 կետից միայն մեկի շուրջ բանակցել՝ սոցիալական խնդիրների: Դրան զուգահեռ սոցցանցերով ամիսներ շարունակ իրենց  կողմից թեզեր էին առաջ տարվում, թե այս ամենը ստամոքսակռիվ է: Այնինչ, այս ամբողջ ընթացքում մնացած կետերի շուրջ  բանակցությունները փակուղի են տարել հենց իրենք՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով»։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին, Ավանեսյանն ասել է, որ իրենք ի սկզբանե առաջարկել էին իրականացնել փոխկապակցված փաթեթային ծրագիր, որտեղ իրար փոխկապակցված կլինեն սոցիալական, բնակարանային, աշխատանքի ապահովման և մի շարք այլ հարցեր:

Խորհրդի անդամներից Սայիդա Պողոսյանը հայտարարել է, որ իրենց արգելել են վրան տեղադրել հրապարակում, իրենք փորձեցին բանակցել ոստիկանության հետ ու մերժում ստացան քայլերթ իրականացնելու հարցում: Նա կոչ է արել արցախցիներին մնալ հրապարակում ու ով ինչով կկարողանա, թող օգտակար լինի իրենց՝ քնապարկ, ջուր և այլ պարագաներ: Պողոսյանը նաև կոչ է արել մշակութային գործիչներին միանալ իրենց հայտարարություններով, որ ոստիկանության մտքով չանցնի ուժ կիրառել:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է․ «Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը իրազեկվել է որպես նստացույց ու երթ, սակայն ուղիղ արգելել են, սահմանափակել են: Համարում եմ՝ սահմանափակումը չի կարող օրինական ու իրավական լինել: Դրանից հետո ոստիկանության բաժիններ են հրավիրել ակտիվիստներին, զրույցներ են ունեցել նրանց  հետ: Թե ինչով է պայմանավորված, կարող եմ ասել ՝ Հայաստանում ընդհանուր տիրող ռեպրեսիվ իրավիճակով»։

Նա նկատել է, որ շվեյցարական խորհրդարանում ընդունվել է  բանաձև, ձևավորվել ԼՂ խաղաղության նախաձեռնություն, մարդիկ գնացել են ԱՄՆ Կոնգրեսում  հանդիպում ունեցել. «Այսինքն՝ այդ մարդիկ  բարձրաձայնում են վերադարձի մասին բոլոր հնարավոր ձևերով,  խոսում հարթակ ձեւավորելու մասին, բայց Հայաստանի կառավարությունը  ոչինչ  չի անում», ասել է նա։

Ստեփանյանը նաև նկատել է, որ Շվեյցարիայում Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտնի հայտարարությունից հետո սկսվեցին եկեղեցու ու նրա դեմ բռնաճնշումներ. «Եկեղեցու դեմ ուղղված այս արշավի ու բռնաճնշումների հիմքում այն է, որ եկեղեցին շարունակում է  բարձրաձայնել ու տեր կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին: Դատապարտելի է այն, ինչ կատարվում է»:

Հանրահավաքից ու նստացույց սկսելու հայտարարությունից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Արցախցիները ստիպված ծայրահեղ քայլերի են դիմում, որովհետևկառավարությունը ողջամիտ ժամկետում այնպիսի հանգուցալուծում չի տվել առաջադրվող խնդիրներին, որոնք հնարավորություն կտային մարդկանց իրավունքների վերականգնման ուղղությամբ իրականում աշխատանքներ տանել։

Նրա խոսքով՝ արցախցիների սոցիալական խնդիրները կարևոր են, բայց այլ ավելի կարևոր հարցեր կան, որոնք նաև հանրահավաքին են բարձրաձայնվել՝ Արցախ արցախցիների հավաքական վերադարձից մինչև Բաքվում գտնվող մեր ռազմագերիների ազատ արձակում. «Այս քայլերը, որոնք իրականացվում են արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ծայրահեղ դրսևորումներ են: Իրավիճակը հասել է այն կետին, որ նույնիսկ սահմանափակումներ են մտցվում նրանց հավաքների իրականացման հարցում: Մասնավորապես՝ նրանց առաջարկած  երթը խոչընդոտվել ու չի իրականացվել: Ոստիկանության, այսպես կոչված, ավանդույթ դարձած զրույցների ձևաչափն է տեղի ունեցել, որի նպատակը պարզապես ահաբեկելն է. հնարավորինս մարդկանց հավաքներին մասնակցելու և իրենց խոսքը արտահայտելու հնարավորությունից զերծ պահելն է»,-ընդգծել է Աբրահամյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում