Իշխանությունը պատրաստվում է խլել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը

Իշխանությունը պատրաստվում է խլել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը

Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ըստ Կադաստրի Կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։

Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։

Թեմայի հետ կապված պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել:

Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:

Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում