Եթե օգտագործենք Սփյուռքի ողջ պոտենցիալը, պատկերացնո՞ւմ եք չէ՝ ինչ է լինելու. Նարեկ Կարապետյանը խոսել է երեք հիմնական ֆեյքերի մասին

Նմանատիպ
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ընգծելով այն 3 հիմնական ֆեյքերը, որոնք իշխանությունները կիրառելու են Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժին թիրախավորելու նպատակով։
Կարապետյանն իր խոսքում ասել է․ «Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծում են նոր ուժ, նոր գաղափարներով, որի նպատակն է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին պատասխանել նոր ձևով, մեր ձևով։
Առաջին ֆեյք միջոցը, որով փորձելու են հակադրվել մեզ, դա օգտագործել, այսպես կոչված, ռուսական ֆեյքը։ Ի՞նչ է ռուսական ֆեյքը։ Քանի որ Սամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում շատ տարիներ ապրել է Ռուսաստանում և ներդրումները և բիզնեսը հիմնականում Ռուսաստանում է, բնականից օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանը ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։
Հիմնականում, ով մտահոգված է ռուսական ազդեցությունից, մտահոգված է, որ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված կարող են խնդիրներ հանդես գալ, ամենածայրահեղականներն էլ ասում են, որ Հայաստանը կվերածվի գուբերնիայի։
Եկեք նայենք, թե ով է Հայաստանը վերածում գուբերնիայի։ Ուրեմն, 2018 թվականին Ռուսաստանի դերը Հայաստանի առևտրային շրջանառությունում եղել է ընդամենը 27%։ Այսօր Ռուսաստանի դերը Հայաստանի առևտրային շրջանառությունում հասել է 45%–ի, ևս 15% 2024 թվականի տվյալներով։ Դա Ռուսաստանից եկող և Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող ոսկու և թանկարժեք քարերի և մետաղների արտահանումն է, որը ևս կապված է Ռուսաստանի հետ։
Այսինքն մեր ինքնիշխան տնտեսական քաղաքականության վերջին յոթ տարիների ընթացքում ռուսական դերը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 27%-ից հասել է 60%-ի, կարող ենք ասել որ դա հիմնական աճի լոկոմոտիվն էր։ Բայց նաև շատ մտահոգիչ է ոչ թե ռուսական հետքը, այլ ուրիշ բան, որ երկիրը չունի այլ տնտեսական գործընկեր, ում հետ նա զարգացնում է իր տնտեսական հարաբերությունները։ Ռուսաստանի բացի ունենք երկու մեծ տնտեսական գործընկեր. մեկը Եվրամիությունն է, ում հետ տարեկան վեց անգամ ավելի քիչ է առևտրային շարժը, քան Ռուսաստանի հետ, և ունենք Չինաստանը, ում հետ ևս յոթ անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանի հետ առևտրային շարժը։
Այսինքն որպեսզի դու ունենաս ինքնիշխանություն, դու պետք է ունենաս հավասարակշիռ տնտեսական քաղաքականություն։ Երբ քո հիմնական երկրի առևտուրը և երկիր եկող հիմնական դրամային միջոցները կախված են մի գործընկերոջից, ինչքան էլ խոսես ինքնիշխանությունից, ինչքան էլ դու բարձրաձայնես ինքնիշխանության մասին, դու չես կարող հավասարակշռել, եթե չանես քայլեր։ Որո՞նք են այդ քայլերը։ Հիմնական քայլը, որ պետք է անի ՀՀ–ի նոր պրոֆեսիոնալ իշխանությունը, երեք հիմնական ուղղություններն են, որի վրա պետք է աշխատել։
Առաջինը ուսումնասիրել և գտնել երկիր, որտեղ մեր ապրանքները կարող են մրցունակ լինել։ Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման մեջ նշանակալի դեր ունի, օրինակ, Իրաքը, էքսպորտը դեպի Իրաք բավական ակտիվ զարգանում է։
Մեր հարևան Իրանը այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ նա փակ պրոտեկցիոնիստական երկիր է, Թուրքիան ևս չի տալիս, քանի որ ոչ մի հայկական ապրանքի արտահանում Թուրքիա անգամ Վրաստանի միջոցով հնարավոր չէ, իսկ տարածաշրջանային մյուս երկրները ունեն մրցակցային շատ բարդ կոնյունկտուրա։
Ի՞նչ պետք է անի կառավարությունը. առաջին քայլը, ընտրի երկիրը և ստեղծի այդ երկրում ինստիտուտ, անվճար պահեստ հայկական արտադրողի համար, որ հայկական արտադրողը կարողանա այդ պահեստում պահեստավորել իր ապրանքը։ Երկրորդը, գտնի այդ երկրի մեջ եղած հիմնական սպառող ուղղություններին, առևտրային ցանցերին, մեծ սպառողներին, որոնք գնում են այն ապրանքը, որը Հայաստանն է արտադրում։ Եվ երրորդ, այդ մարդկանց հետ, այդ թիմերի հետ կարողանա աշխատանք տանել։
Բավականին մտահոգիչ է Եվրոպայի շուկա մտնելը, քանի որ կան սերտիֆիկացիոն բարիերներ, այսինքն եվրոպական երկրները իրենց պաշտպանում են, այդ իսկ պատճառով հայկական արտադրողի համար շատ դժվար է մտնել այդ տարածք։ Եվ երկրորդը բավականին մեծ մրցակցային տարածաշրջան է, որտեղ 70 տարի արդեն գործում է շուկայական տնտեսությունը, այդ իսկ պատճառով այնտեղ արդեն կան մրցակցային արտադրողներ։ Դրա համար մենք պետք է հիմնականում կենտրոնանանք նոր զարգացող շուկայում հարավային Ասիայի վրա և Միջին Արևելքի։ Այսինքն Լիբանան, Հորդանան, Իրաք, Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան և Հարավային Ասիա, և ամենակարևորը իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որը աշխարհի ամենամեծ ներմուծողն է։
Նպատակահարմար է Ամերիկայի հետ աշխատելը, քանի որ այդ շուկան մասշտաբով ավելի մեծ է և կարող է հայկական ապրանքի սպեկտրը ինչ-որ ձևով փակել։
Ի՞նչ են արել մեր գործընկերները այս յոթ տարիների ընթացքում, մոտավորապես մի քանի հարյուր անգամ արտահայտել են ինքնիշխանության մասին թեզեր, սակայն չեն գտել գեթ մեկ երկիր, ում հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելով, ոչ թե դեկլարատիվ երկրի ղեկավարի հետ հանդիպելու մակարդակով, այլ թիմերով, բիզնես միջավայրով, նախարարություններով կարողանանք զարգացնել մեր առևտուրը։
Չինաստանի հետ զարգացնում ենք, որովհետև միայն գնում ենք իրենցից, Չինաստանը բացի խտանյութերից մեզանից գրեթե բան չի գնում, խտանյութերը դա մոլիբդենի, պղնձի և ոսկու խտանյութերն են, որ մեր հանքերից կիսապատրաստուկ մենք հանում ենք։ Դա հող է, որի մեջ կա մոլիբդենի պղնձի 25%-անոց ցուցանիշ։
Եթե մեր երկիրը ուզում է իրական ինքնիշխանություն, մենք պետք է զարգացնենք նոր շուկաներ ելքը։ Հայաստանի առևտրային շրջանառության 45%-ը կախված է Ռուսաստանի հետ, ևս 15%-ը կախված է Ռուսաստանից ներմուծված և վերարտահանված ապրանքների հետ։ Մենք ավելի վատ տնտեսական անկախության վիճակում ենք, քան ՌԴ–ի Վլադիվոստոկի մարզը»,–ասել է Կարապետյանը։
Նա նկատել է, որ տնտեսության դիվերսիֆիկացիան շատ կարևոր է, քանի որ երբեմն Լարսում խնդիր է լինում, երբեմն տարածաշրջանային կոնֆլիկտներ են լինում, և Հայաստանը պետք է ունենա ուրիշ տնտեսական գործընկեր. «Բայց այդտեղ ոչ թե մենք պետք է մուտք գործենք քաղաքական աջենդայով, այլ տնտեսական կոնկրետ աջենդայով, առանց հակադրությունների, այլ միայն իրար հետ աշխատելու, իրար հետ գործ անելու, իրար հետ բիզնես անելու տրամաբանությամբ։
Յոթ տարվա ընթացքում այն ֆեյք տպավորությունը, որ մեր հասարակության հրամցրել են, որ մենք գնում ենք ինքնիշխանության, մենք գնում ենք անկախության ռուսական ազդեցությունից, չի արվել, հակառակ, ռուսական դերը Հայաստանի տնտեսության մեջ ավելացել է»,– հայտարարել է Կարապետյանը։
Երկրորդ ֆեյքը, ըստ նրա, նախկինների հետ առնչություններ ունենալն է. «Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական սփյուռքի կարկառու ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ, և ինչպես Քրքրոյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրվել է նոր ներդրումներ անելու։ Աայդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկրի, հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև։ Այդ հարաբերությունը հարգալից են, սակայն անցած ճանապարհները ունեն տարբերություններ։
Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տնտեսական ճանապարհ է, զրոյից ամեն ինչ ստեղծելու, ենթակառուցվածքներ զարգացնելու ճանապարհ է, թիմեր ստեղծելու ճանապարհ է։ Պետական ապարատի ճանապարհը մի քիչ ուրիշ է, որ ևս հարգանքի արժանի է։
Սփյուռքահայ գործարարի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը, կարևոր է, որ նրա ներդրումները, նրա աշխատանքը ծառայի ի բարօրության իր հայրենիքի։ Քաղաքական ուժի հետ կապված, իմ կարծիքով այն քաղաքական ստրատեգիան, որ հաջողվել է 2000-ականներին, 2010-ականներին մինչև այսօր չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին։ 2030 թվականին մեր տարածաշրջանը, մեր հասարակությունը պետք է լրիվ ուրիշ մարտահրավերներին պատրաստ լինի։ Հարևան երկրները ու տարածաշրջանը ուրիշ դինամիկայի մեջ է և այն մեթոդներով, որով դու կառավարել ես 2000-ականներին, հնարավոր է չկարողանաս այդպես էֆեկտիվ կառավարես 2030-ին։
Ինչպե՞ս մենք կարող ենք հիմնավորել, որ քաղաքական նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել, քանի որ նոր ուժը ունի մեկ սկզբունք, հիմնական հիմնարար գաղափարը հետեւյալն է. եթե երկրի կառավարման մեջ կա պրոֆեսիոնալ, ով տիրապետում է իր գործին, ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ։
Մեր բոլոր իշխանությունները ունեցել են մի խնդիր, նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը։ Որպեսզի դու ունենաս ուժեղ ղեկավար կազմ, դու պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին, այսինքն նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալ, պրոֆեսիոնալիզմի, էգալիտարիզմի հիմքի վրա ստեղծված համակարգեր։ Մեր քաղաքական թիմի գործընկերներն էլ գիտեն և հասկանում են, որ հիմնականում գնահատվելու է միայն պրոֆեսիոնալիզմը։
Այսպիսի քաղաքականացված պետական ապարատ ով դու չես կարող հաջողությունների հասնել, դու պետք է ներգրավես սփյուռքից լավագույն մասնագետներին, դու պետք է ներգրավես երկրիդ մեջ եղած անգամ ընդդիմության և դիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց բիզնեսից։
Շատերը ասում են, որ բիզնեսը պետք է չմտնի պետական ապարատ։ Ովքեր պետք է լինեն մեծ պետական համակարգերի կառավարիչները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ունեն փորձ։ Միայն կորպորացիաների ղեկավարները կարող են ունենալ փորձ կառավարել 5000, 10000 անձնակազմից բաղկացած թիմ, ինչպես դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, մյուս երկրներում, Եվրոպայում, անգամ Ռուսաստանում։
Եթե մենք ասում ենք բիզնեսը պետք է չզբաղվի քաղաքականությամբ և բիզնեսմենը պետք է պետական կառավարման հետ կապ չունենա, սփյուռքը պետք է պետական կառավարման հետ կապ չունենա, եթե ընդդիմությունը պետք է պետական կառավարման մեջ մաս չունենա, մեր բնակչությունը 3 միլիոն է, չես կարող գտնել այդքան խելացի, բանիմաց, փորձառու մարդ, որպեսզի այսքան մարդու միջից կարողանաս լավ թիվ ձևավորես»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ նույն քաղաքականությունը իրենց քաղաքական թիմը առաջարկում է կիրառել Հայաստանում։
Անդրադառնալով երրորդ ֆեյք տեղեկատվությանը, Նարեկ Կարապետյանն ասել է. «Սա ավելի շատ ֆեյք չէ, մանիպուլյացիա է։ Մեր երկրի ղեկավարը Շվեյցարիայում հանդիպման ժամանակ հայտարարում է, որ սփյուռքը պետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի։ Նաև ասում է, որ Հայաստանը պետք է սփյուռքին աջակցող ինստիտուտ չլինի։ Սփյուռքը ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 միլիարդ ԱՄՆ դոլար, դա մեր ՀՆԱ-ի 20-25% չափ է։ Եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։ Այսօր Հայաստանում 23% բնակչության աղքատ է, դա մոտավորապես 600-700000 մարդ է։ Մեր խնդիրը օր առաջ 23% աղքատությունը վերացնելն է, գործազրկությունը վերացնելն է և բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելն է։
Եկեք համեմատենք մեր տարածաշրջանի երեք երկրներին՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ իրենց տնտեսական պոտենցիալներով։ Ադրբեջանը ունի գազ և նավթ, բնական հանածոներ և դրանով կարողանում է պահել իր տնտեսությունը։ Բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի չափով Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե հավասար են։ Այսինքն չնայած նավթի և գազի մեծ պաշարներին, մի ադրբեջանցին ավելի լավ չի ապրում, քան մի հայը։
Վրաստանը չունի ռազմական ծախսեր և շատ մեծ ազդեցություն է ունենում լոգիստիկան։ Նաև ունի ծով, տուրիստական մեծ հնարավորություն, բայց անգամ այդ պարագայում Վրաստանն էլ Հայաստանի պես նույն մակարդակի վրա է գտնվում։ Մի վրացին ապրում է մի հայ պես, մի քիչ ավելի լավ, քանի որ մի շարք այլ պարամետրեր կան երկրի ղեկավարության, քաղաքականության ավելի էֆեկտիվ լինելու։
Ինչու՞մ է Հայաստանի տնտեսական մրցակցությունը։ Վրաստանը չունի բանակ, չունի ռազմական ծախսեր, բայց չունի սփյուռք։ Ադրբեջանը ունի նավթ, ունի գազ, բայց չունի սփյուռք։ Միակ տնտեսական ակտիվության ավելացնող գործոնը, դա մեր սփյուռքն է։ Եթե մենք հայտարարում ենք, որ սփյուռքը Հայաստանին օգնող գործոն չէ, այսինքն մենք ընդունում ենք, որ նա պետք է միայն փող ուղարկի, մենք պետք է այդ փողը ծախսենք, բայց երբ սփյուռքի ներկայացուցիչը ցանկանա խոսք ասել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նա պետք է այդ իրավունքը չունենա։
Եթե դա է մեր ներդրումային քաղաքականությունը, որ պետք է այնպիսի ներդրող լինի, որ կարծիք չունենա, սփյուռքը պետք է որևէ կարծիք չունենա և միայն փող ուղարկի, դա ընդունելի չէ։
Սփյուռքում 100 հազարավոր հայեր ունեն բարձրագույն կրթություն լավագույն համալսարաններում: Հայաստանում այդպիսի հնարավորություն ունեցող մարդիկ քիչ կան, Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի իր քաղաքացիները դուրս գան երկրից և բարձրագույն կրթություն ստանան աշխարհի լավագույն համալսարաններում, Վրաստանը այդպիսի հնարավորություն չունի։ Եթե մենք ունենք 100 հազարավոր բարձրագույն կրթություն ստացած պրոֆեսիոնալ սփյուռքահայեր, ինչո՞ւ չենք օգտագործում իրենց պոտենցիալը, ինչո՞ւ է մեր երկրի ղեկավարը փորձում այդ պորտալարը կտրել և սփյուռքին սարքել միայն գումար ուղարկող կառույց։
Ամենագլխավոր բնական դաշնակիցը, ինչպես Սամվել Կարապետյանը իր հայտարարության մեջ ասաց, դա հայկական սփյուռքն է, որի պոտենցիալը չօգտագործելն ուղղակի մեր տնտեսությունը հին և ոչ էֆեկտիվ ձևի մեջ պահելու քայլ է»։
Ամփոփելով իր խոսքը, Նարեկ Կարապետյանն ասաց. «Բոլոր երեք ֆեյքերը և մանիպուլյացիաները արվում են մի նպատակով, որ հասարակության մեջ հակադրություն ստեղծելով հեշտ կառավարեն, կամ հասարակությանը հիասթափեցնեն բոլոր այն ուժերից, որոնք նոր գաղափարներ են առաջարկում։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, սիրելի հայրենակիցներ, որ այս մանիպուլյացիաները ամբողջ ընթացքում մեզ հետևելու են։ Եթե մենք սկսենք օգտագործել մեր ամբողջ պոտենցիալը, որպեսզի գտնենք նոր գործընկերներ, հավասարակշռենք մեր ինքնիշխանությանը, գտնենք նոր երկրներ, որի հետ պետք է բարեկամանանք և աշխատենք, եթե մենք մեր մեջ եղած տարանջատումը, վերացնենք և սկսենք աշխատել միայն պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա, եղած հարաբերություններով, և հաշվի չառնենք նրանց ոչ քաղաքական հայացքները, ոչ Հայաստանից լինի թե սփյուռքից, և եթե մենք օգտագործենք սփյուռքի ամբողջ պոտենցիալը, դուք կարող եք չէ՞ գուշակել ինչ է լինելու հետո»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում