Թուրք լրագրողին սպառնում է մինչև 7,5 տարի ազատազրկում՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրք լրագրողին սպառնում է մինչև 7,5 տարի ազատազրկում՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի դատախազությունը հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ֆաթիհ Ալթայլիի նկատմամբ մինչև 7 տարի և 6 ամիս ազատազրկում է պահանջում հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով: Այս մասին հայտնում է Sözcü թերթը։

Թուրքիայում նախագահին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է։

Ըստ տվյալների՝ Ալթայլիին ձերբակալել են հունիսի վերջին Ստամբուլում տեղի դատախազության որոշման հիման վրա։ Ձերբակալման պատճառ է դարձել նրա ելույթը YouTube-ի հեղինակային ալիքում Էրդողանի հասցեին քննադատական արտահայտություններով հանդես գալը, մասնավորապես այն խոսքերը, որտեղ ասվում է, որ Թուրքիայի առաջնորդը մտադիր է անժամկետ մնալ իշխանության ղեկին: Ալթայլին ի սկզբանե հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ հայտնելով, որ հաղորդման մեջ ներկայացրել է սոցհարցումներից մեկի արդյունքները, որոնց համաձայն թուրք ընտրողների մոտ 70%-ը դեմ է Էրդողանի ցմահ պաշտոնավարմանը:

62-ամյա Ալթայլին նախկինում աշխատել է թուրքական ամենահայտնի լրատվամիջոցներում, այդ թվում՝ Cumhuriyet և Hürriyet թերթերում, Kanal D, Show TV, Atv և Habert rk հեռուստաալիքներում։ Վերջին տարիներին նա հեղինակային հաղորդումներ է վարում YouTube-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում