Իրանը վերահաստատել է տարածաշրջանային քարտեզի փոփոխությանը դեմ լինելու իր դիրքորոշումը

Նմանատիպ
«Mehr» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության դեմ ուղղված իր վաղեմի քաղաքականությանը, որը, ըստ Թեհրանի, շահեկան է բոլոր կողմերի համար։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Ահմադիանը շեշտել է, որ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է և նպատակ ունի հակազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխության։
Իր հերթին, Գրիգորյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիների վերաբերյալ մնում է հաստատուն։
Զրույցի ընթացքում Ահմադիանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի դեմ իսրայելական հարձակումը դատապարտելու համար։ Նա վերահաստատել է, որ Իրանը շարունակելու է հետևողականորեն մերժել տարածաշրջանային սահմանների փոփոխության ցանկացած փորձ։
Կողմերը կարեւորել են նաեւ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես՝ տնտեսական ոլորտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում