Եկել եմ պաշտպանելու Եկեղեցին, Քրիստոսի զավակներին, Սամվել Կարապետյանին. փաստաբան Ամստերդամ
Կարդացեք նաև
Օգոստոսի 11-ին՝ ուշ գիշերը, Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը: Նշենք, որ նրա այցը պայմանավորված է Հայ Առաքելական Եկեղեցու, հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումներով և վերջինիս ապօրինի կալանքով։
Փաստաբան Ամստերդամն օդանավակայանում հայտարարել է․ «Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին և իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, ռեյդի են ենթարկվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Անհրաժեշտություն կա Կառավարության և Եկեղեցու միջև երկխոսության: Ես հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, մեղադրանքները կկարճվեն և այդ գործընթացի արդյունքում Եկեղեցին կլինի պաշտպանված: Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, այն կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ քրիստոնյաների, այլև ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն Եկեղեցին Հայաստանում:
Ես շատ հին փաստաբան եմ, ես պաշտպանում եմ Եկեղեցին Ուկրաինայում, ես պաշտպանել եմ Ուղղափառ եկեղեցին 45 տարի առաջ, և, դժբախտաբար, այսօր կա երկրների ցուցակ, որոնցում Եկեղեցին հարձակման ներքո է: Ըստ իս, չկա ավելի սրբազան պարտականություն, քան եկեղեցին պաշտպանելն է: Երբ տարիք ես առնում, Եկեղեցին և հավատքը տարիքիդ հետ շատ ավելի կարևոր են դառնում քո կյանքում: Դժբախտաբար, դրանց որպես պաշտամունքի վայրերի վերաբերվելու փոխարեն, իշխանավորները որոշ դեպքերում Եկեղեցին ծառայեցնում են քաղաքական նպատակների, արտաքին քաղաքական նպատակների: Ուստի, սա ինձ համար շատ կարևոր գործ է, շատ կարևոր առաքելություն: Ես հասկանում եմ խնդրի զգայունությունը Հայաստանում, և այն փաստը, որ Հայաստանն Ադրբեջանում ունի քրիստոնյա պատանդներ. ահա, թե ինչու եմ քայլ անում դեպի կառավարություն` երկխոսության և քննարկման համար:
Այո, ես ԱՄՆ-ում հայկական շրջանակների հետ ունեցել եմ որոշ հանդիպումներ, բայց Հայաստանում ևս հանդիպումների կարիք ունեմ, ջանք և զրույցներ են ինձ պետք, որպեսզի փորձենք սայլը տեղից շարժել և պաշտպանել Քրիստոսի զավակներին: Ես շատ սովոր եմ կառավարությունների կողմից գործադրվող ճնշման. Ռուսաստանում ինձ ձերբակալել են, յոթ երկրներում արգելել են իմ մուտքը, 50 տարի է, ինչ ես այս գործով եմ զբաղվում: Հասկանալի է, որ կարող են լինել ճնշումներ, բայց որպեսզի ճնշումը նպատակին հասնի, պետք է լինի մեկը, ով կճկվի: Իսկ մենք այդ ճնշումներից, կրոնը, իրավունքի գերակայությունը պաշտպանելիս չենք ճկվում»:
Հավելենք, որ Ամստերդամը հայտնի է տարբեր երկրներում մի շարք հասարակական-քաղաքական գործիչների և ակտիվիստների պաշտպանության գործերով։ Նա եղել է հայտնի ռուսաստանցի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար էլ ձերբակալվել է Ռուսաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում