Մինսկի խմբի փակումը․ ինչպես Հայաստանը կորցրեց Արցախի միջազգային հարթակը

Մինսկի խմբի փակումը․ ինչպես Հայաստանը կորցրեց Արցախի միջազգային հարթակը

2025 թվականի սեպտեմբերի 1-ը նշանավորվեց նրանով, որ իր երեսնամյա գործունեությունը դադարեցրեց ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող կառույցը, որը տարիներ շարունակ հանդիսացել էր Արցախի հարցով զբաղվող թիվ մեկ կառույցը։ Այն իր գործունեությունը դադարեցրեց ՀՀ և Ադրբեջանի կողմից ներկայացված համատեղ պահանջով՝ Ալիևի ուղղակի պարտադրանքով։

Հարկ է նշել, որ Մինսկի խմբի լուծարումը, որն, ինչպես նշեցինք, տարիներ շարունակ եղել էր ԼՂ հակամարտության հիմնական միջնորդական ձևաչափը, ոչ միայն տեխնիկական փոփոխություն էր, այլև խորքային քաղաքական շրջադարձ։ Այդ ձևաչափը, որքան էլ երբեմն անարդյունավետ թվար, Հայաստանին տալիս էր մի շարք լուրջ առավելություններ։ Նախ և առաջ, դրա շնորհիվ Արցախի հարցը մնում էր միջազգային օրակարգում՝ որպես չլուծված հակամարտություն, այլ ոչ թե Ադրբեջանի ներքին հարց։ Համանախագահող երեք գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանը դնում էր առանձնահատուկ դիրքում․ Երևանը կարող էր օգտվել նրանց միջև առկա հակասություններից և ստեղծել քաղաքական հավասարակշռություն, որը որոշ չափով զսպում էր Ադրբեջանի առավել ագրեսիվ մոտեցումները (ի դեպ՝ ժամանակին նաև շատ հաճախ օգտվում դրանցից)։

Հավելենք, որ Մինսկի խմբի փաստաթղթերը և տարբեր նախաձեռնությունները նաև ապահովում էին իրավական-քաղաքական հենարան, որով ամրագրվում էր, որ Արցախի կարգավիճակը վերջնականապես որոշված չէ։ Այս ամենը Հայաստանին թույլ էր տալիս միջազգային մակարդակով պաշտպանել Արցախյան ինքնորոշման գաղափարը և գոնե պահպանել դրա սուբյեկտայնության տարրական նշույլները։

Ինչպես հայտնի է՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները դարձան անհաղթահարելի, ինչի հետևանքով էլ եռակողմ համանախագահությունը փաստացի դադարեց գործել։ Այս հանգամանիքից անմիջապես փորձեց օգտվել Ադրբեջանը, որը վաղուց էր փորձում դուրս բերել խնդիրը միջազգային միջավայրից, այն ներկայացնելով բացառապես որպես սեփական ներքին օրակարգ։ Իսկ Հայաստանի իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, ընդունելով «Արցախը Ադրբեջանի կազմում» թեզը, միանգամից դրական արձագանք տվեց Ալիևի մոտեցմանը։ Այդ պատճառով էլ Երևանը և Բաքուն գրեթե նույն ձևակերպումներով հայտարարեցին, թե Մինսկի խումբն այլևս գոյություն չունի՝ «դրա կարիքը չկա, քանի որ ԼՂ հակամարտությունն այլևս կարգավորված է»։

Արդյունքում Հայաստանը կորցրեց այն եզակի հարթակը, որտեղ ամրագրված էր, որ Ղարաբաղյան հարցը պահանջում է միջազգային միջնորդություն։ Արցախի հարցը դուրս եկավ միջազգային օրակարգից, իսկ Ադրբեջանի նարատիվը՝ «ԼՂ այլևս գոյություն չունի որպես խնդիր», դարձավ գերիշխող ընկալում։ Հայաստանը փաստացի զրկվեց նաև այն կարևոր հնարավորությունից, երբ երեք գերտերությունները հավասարակշռում էին միմյանց և թույլ չէին տալիս որևէ մեկի լիակատար մենաշնորհը։ Այսօր Հայաստանը մնացել է բարդ իրավիճակում․ ԵՄ-ն և ԱՄՆ-ը փորձում են ներգրավվել միայն Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ոչ Արցախի կարգավիճակի, իսկ Ռուսաստանը, կորցնելով համանախագահի պաշտոնական կարգավիճակը, շարունակում է գործել բացառապես իր ռազմական ներկայության հաշվին։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Մինսկի խմբի լուծարումը փակեց Արցախի անկախության կամ որևէ հատուկ կարգավիճակի միջազգային քննարկման հնարավորությունը։ Հայաստանի իշխանության համաձայնությունը Ալիևի նույն թեզերին փաստացի վավերացրեց Ադրբեջանի օրակարգը և խորացրեց Հայաստանի դիվանագիտական «լիկվիդացիան»։ Եթե Հայաստանը պահեր Մինսկի խմբի գոյությունը, ապա գոնե պահպանված կլիներ միջազգային այն հարթակը, որտեղ Արցախը դիտվում էր որպես չլուծված հակամարտություն, իսկ Երևանն ուներ մանևրելու հնարավորություն մեծ պետությունների միջև։ Այժմ այդ հնարավորությունը կորցրած է, և դա հայկական կողմի համար ունի ոչ միայն ներկա, այլև երկարաժամկետ հետևանքներ։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում