«Խաղաղությո՞ւն, թե քաղաքական PR. ի՞նչ է իրականում տեղի ունենում

«Խաղաղությո՞ւն, թե քաղաքական PR. ի՞նչ է իրականում տեղի ունենում

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները (քանի որ նա ցինիկաբար հայտարարում է, թե ինքը կառավարությունն է, ապա իշխանության անդամներին էլ կարելի է նրա «անդամներ» համարել) հպարտորեն հայտարարում են, թե օգոստոսի 8-ից Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում «խաղաղություն» է հաստատվել։ Փաշինյանական լեզվով դա նշանակում է, որ Հայաստանում շուրջ մեկ ամիս է՝ «խաղաղություն» է։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է սա իրականում նշանակում, որքանո՞վ է կայուն և ի՞նչ ռիսկեր կան, հատկապես այն դիտանկյունից, որ ադրբեջանական կողմը լրիվ այլ նարատիվ է առաջ քաշում։

Օգոստոսի 8-ի շուրջ ձևավորված «խաղաղության» օրակարգը ներկայացվում է որպես շրջադարձային իրադարձություն, սակայն դրա բովանդակությունը ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, քան իրավականորեն պարտադիր պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանի և իշխանության անդամների պնդումը, թե «Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել», իրականում չի նշանակում, որ ռիսկերը վերացված են։ Խաղաղության մասին հռչակագրերը կարող են ունենալ քաղաքական արժեք, սակայն եթե դրանց հետևից չգան հստակ մեխանիզմներ, վերահսկողություն և երաշխիքներ, դրանք մնում են ժամանակավոր ու անպաշտպան փաստաթղթեր։

Օրերս Ալիևը օկուպացված Քարվաճառում հայտարարեց Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման և նոր սպառազինության ձեռքբերման մասին։ Սա վկայում է, որ Բաքուն շարունակում է առաջնահերթ համարել ուժի քաղաքականությունը։ Եթե խաղաղությունը հաստատված լիներ, Ադրբեջանը նման ինտենսիվությամբ չէր շեշտի զինուժի վերազինման անհրաժեշտությունը։ Սա ցույց է տալիս, որ խաղաղության հռչակագրի կողքին Ալիևը պահպանում է ռազմական ճնշման գործիքը՝ որպես բանակցային լծակ և ներքին լեգիտիմության ամրապնդման միջոց։ Խաղաղության մասին հայտարարությունը Ադրբեջանի համար չի նշանակում զինաթափում, այլ նոր քաղաքական փուլ, որտեղ ուժի պահպանումը դառնում է ապահովագրություն։

Այս պարագայում առաջանում է պարզ հարց․ եթե Բաքուն զինվում է, ապա ո՞րն է դրա օգտագործման ուղղությունը։ Պարզ է, որ դրա հիմնական հասցեատերը մնում է Հայաստանը, թեկուզ ոչ անմիջապես պատերազմի տեսքով։ Զինված ուժերի աճը Ալիևին հնարավորություն է տալիս մշտապես պահել ճնշման ռեսուրս՝ սահմանային լարվածություններ, սպառնալիքներ և քաղաքական շանտաժ։ Սա կասկածի տակ է դնում Փաշինյանի «խաղաղության դարաշրջան» թեզը։

Միաժամանակ, Փաշինյանը հնարավոր բոլոր հարթակներից շարունակում է կրկնել, թե իրենք «ոչ մի կերպ չեն շեղվելու խաղաղության օրակարգից», իսկ թիմակիցներն էլ հայտարարում են, որ ՀՀ ՊՆ ծախսերն ավելացնելու իմաստ չկա, քանի որ «խաղաղության դարաշրջանում» ենք։ Նրանց խոսույթը նաև ընդգծում է, որ «ՀՀ սահմանադրությունում կան կետեր, որոնք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ դիտարկումներ են պարունակում և պետք է վերանայվեն»։ Ըստ էության, հերթական անգամ ականատես ենք լինում այն փաստին, որ ՀՀ-ում ստեղծվող օրակարգերը թելադրվում են դրսից՝ այս դեպքում Ադրբեջանից, և դրանց դեմ որևէ պնդում չի հնչում։

Այս համատեքստում առանձնապես տպավորիչ չէ նաև ամերիկյան միջնորդության քաղաքական պաթոսը։ Նախագահ Թրամփի ստորագրությունն ու «զանգիր ինձ» ոճի հայտարարությունները կարող են հնչել գեղեցիկ, սակայն դրանք ոչ իրավական երաշխիք են, ոչ էլ անվտանգության մեխանիզմ։ Այդպիսի խոստումները առավելագույնը կարող են ապահովել կարճաժամկետ արտաքին լծակ, սակայն չեն կարող փոխարինել կայուն խաղաղության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերին։

Օգոստոսի 8-ի «խաղաղությունը» ներկայումս ավելի շուտ հռչակագիր է, քան երաշխավորված իրականություն։ Ալիևի ռազմական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ հրաժարվել ուժի գործիքներից, իսկ խաղաղությունը նրա համար միայն լրացուցիչ դիվանագիտական հարթակ է։ Ամերիկյան միջնորդությունը, որքան էլ բարձրաձայնված լինի, չունի իրավական պարտադրանք։ Հայաստանի համար սա նշանակում է, որ հռչակագրային խաղաղությունը չի կարող դառնալ ինքնանպատակ․ պետք է պահպանել պաշտպանունակությունը, կառուցել իրական երաշխիքներով պայմանավորված խաղաղության համաձայնագիր և չընկնել պաթոսային հայտարարությունների մոլորության մեջ։

Փաշինյանի կառավարությունը հանրությանը տոտալ քարոզում է, որ արդեն «խաղաղության» մեջ ենք, որ «մարդիկ երջանիկ են», համերգների են մասնակցում, ֆուտբոլ են դիտում, ապրում են իրենց առօրյա կյանքով, իսկ իրական սպառնալիքի ու անապագայի մասին ձայն չկայ։ Թե նրանք, ովքեր խոսում են այդ մասին, համարվում են «հինգերորդ շարասյուն», լավագույն դեպքում՝ «ռևանշիստ»։

Հ․գ․ Մինչ Փաշինյանն ու իր անդամները քարոզում են «խաղաղություն» ու ոգևորվում Թրամփ «քեռու» ստորագրությունով, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքը»  պետք է   կրի Իլհամ Ալիևի անունը։

Արմեն Հովասափյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում