Ինչպե՞ս է ձևախեղվում հայոց պետականության գաղափարական հիմքը
Կարդացեք նաև
Վերջին օրերին հանրային դիսկուրսում առաջնային թեմաներից մեկը, որը բավական բուռն արձագանք ստացավ ՀՀ-ից դուրս գալու դրոշմակնիքների վրայից Արարատ սարի դրվագն էր, ինչը բնավ տեխնիկական «կարգավորում» չէ, այլ խորքային քաղաքական մեսիջ։
Առաջին հայացքից իշխանությունները փորձում են ներկայացնել Արարատ սարի հեռացումը որպես տեխնիկական կամ դիզայնի կարգավորում, սակայն պարզ է, որ սա զուտ ձևական փոփոխություն չէ․ այն տեղավորվում է ներկայիս իշխանության լայն ռազմավարության մեջ, որը կառուցված է թուրք-ադրբեջանական նարատիվներին համահունչ լինելու տրամաբանության վրա։
Ըստ էության՝ իշխանությունը խոսում է «իրական Հայաստանի» մասին ու փորձում է խորհրդանշաններից դուրս մղել Արարատը, ինչը փաստացի հայոց ինքնության կարևորագույն տարրերի բացահայտ ժխտման փորձ է։ Այդ պատճառով էլ անհնար է այս քայլը դիտարկել որպես անբարենպաստ տեխնիկական որոշում կամ «եվրոպական ստանդարտների» մաս։ Եթե սա իսկապես որևէ ինտեգրացիոն գործընթացի բաղադրիչ լիներ, օրինակ՝ վիզաների ազատականացման կոնկրետ պայման և ժամկետ, հնարավոր կլիներ քննարկել այն գործնական հարթության մեջ։ Բայց նման պայման չկա։ Ուստի, պարզ է, որ տեղի ունեցածը ոչ թե միջազգային պարտավորությունների մաս է, այլ կամ թուրքական պարտադրանք, կամ էլ՝ իշխանության սեփական նախաձեռնողականություն՝ հաճոյանալու Անկարայի օրակարգին և քաղաքական դիվիդենտ հավաքելու համար։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ազգային խորհրդանիշների հանդեպ նման մոտեցումները երբեք չեն եղել «տեխնիկական»․ օրինակ՝ Ղազախստանում խորհրդանշանների փոփոխությունը միշտ ուղեկցվել է «նոր ինքնության» կառուցման քաղաքականությամբ, որը խորը գաղափարական բովանդակություն ուներ։ Ուկրաինայում խորհրդանիշների վերափոխումը խորհրդային ժառանգությունից դուրս գալու ճանապարհին քաղաքական պայքարի կարևոր գործիք դարձավ։ Լատվիայում և Լիտվայում խորհրդանիշները պահեցին որպես ազգային դիմադրության և անկախության խորհրդանիշ, նույնիսկ երբ ինտեգրվում էին ԵՄ և ՆԱՏՕ-ի կառույցներին։
Այս համատեքստում Հայաստանի իշխանության քայլը ոչ թե ինտեգրման տրամաբանություն ունի, այլ ինքնության նոսրացման քաղաքականություն, որը փորձում է վերանայել այն ամենը, ինչ ձևավորել է հայոց պետականության գաղափարական հիմքը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում