Ալիևի եվրոպական շրջայցը. Բաքուն ընդլայնում է էներգետիկ և ռազմավարական գործընկերությունը
Կարդացեք նաև
Euronews-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն էականորեն աշխուժացրել է շփումներն ու գործընկերությունը եվրոպական ուղղությամբ։ Բաքուն խոստանում է ավելացնել կապույտ վառելիքի մատակարարումները Եվրամիությանը, Միացյալ Թագավորության հետ ստորագրել է ռազմավարական նշանակության փաստաթուղթ, ինչպես նաև քննարկումների մեջ է հայկական ու ուկրաինական կողմերի հետ՝ խաղաղ գործընթացներն առաջ մղելու համար։
Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել և դիվերսիֆիկացնել էներգակիրների արտահանումը դեպի Հին մայրցամաք՝ դուրս գալով ներկայիս տասը ԵՄ անդամ պետությունների սահմանափակ շրջանակից։
Ալիևն առանձնազրույց և բանակցություններ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Կողմերը մանրամասն անդրադարձել են երկարաժամկետ գազային պայմանագրերին՝ շեշտելով, որ գազի մատակարարման ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցությունը շարունակում է մնալ արդյունավետ։ Կոշտան իր հերթին շեշտել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը դրական ազդակ է։ Հիշեցնենք, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ ռազմավարական գործընկերության հիմքերը դրվել են դեռևս 2022 թվականին։
Ադրբեջանական կողմի տվյալներով՝ երկիրն արդեն իսկ 8 միլիարդ խորանարդ մետրից հասցրել է մինչև 13 միլիարդ խորանարդ մետրի Եվրամիություն արտահանվող գազի ծավալները, ինչը կազմում է երկրի արտահանման ընդհանուր ծավալի զգալի մասը։ Նոր հանքավայրերի շահագործման հաշվին Բաքուն մտադիր է առաջիկայում էլ ավելի մեծացնել մատակարարումների ծավալները։ Ուշագրավ է, որ զուգահեռաբար մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգետիկային, որը Բաքվի համար դարձել է առանցքային ռազմավարական նպատակ։ Ալիևն առանձնակի շեշտել է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի ստորագրած պայմանավորվածությունները՝ ուղղված եվրոպական շուկաներ կանաչ էներգիա արտահանելուն։
Ադրբեջանի ղեկավարը հպարտությամբ նշել է, որ Բաքվից մինչև Իտալիա ձգվող գազատարը, որն անցնում է յոթ պետությունների տարածքով և Բուլղարիայի միջկապակցիչների միջոցով սնուցում ԵՄ տասը անդամ երկիր, այս պահին աշխատում է առավելագույն հզորությամբ։ Ավելին, Բաքուն մտադրված է շարունակել ընդլայնել դրա թողունակությունը։
Կոշտան ու Ալիևը տեղեկացրել են նաև, որ Եվրամիության կողմից Նախիջևանի երկաթուղային նախագծի փորձագիտական գնահատումը մոտենում է ավարտին։ Նրանք քննարկել են լոգիստիկ ու տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները Միջին միջանցքի նախագծի շրջանակում։ Վերջինս, որը միմյանց է կապում Ասիան և Եվրոպան Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վրայով՝ դեպի Սև ծով, գնալով դառնում է Հորմուզի նեղուցի ճգնաժամային իրավիճակին այլընտրանքային ու վստահելի ուղի համաշխարհային մատակարարումների շղթայում։ Այս համատեքստում Կոշտան Ալիևին պաշտոնական հրավեր է ուղղել Բրյուսել՝ շարունակելու ԵՄ-Ադրբեջան երկխոսությունը։
Բրիտանական ուղղություն և ռազմավարական նոր հանգրվան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը ստորագրել են երկկողմ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Միացյալ Թագավորությունը պատմականորեն շարունակում է մնալ Ադրբեջանի տնտեսության ամենախոշոր եվրոպական ներդրողներից մեկը՝ հիմնականում Կասպից ծովում BP-ի ծավալած գործունեության շնորհիվ։ Այս նոր փաստաթուղթն սակայն նոր որակ է հաղորդում հարաբերություններին՝ կենտրոնանալով պաշտպանության, անվտանգության, առևտրի խորացման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների, արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների վրա։
Բրիտանական կողմը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր փուլ։ Մինչ Մոսկվան ուշադիր հետևում է այս զարգացումներին, Լոնդոնն ու Բաքուն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ ի պատասխան ի հայտ եկող մարտահրավերների, ինչպես նաև աջակցել Միջին միջանցքի ենթակառուցվածքների զարգացմանը։
Խաղաղ գործընթացը և տարածաշրջանային զարգացումներ
Զուգահեռաբար, Դուբլինում տեղի են ունեցել նաև կարևոր քաղաքական շփումներ։ Ադրբեջանի նախագահը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով խաղաղության պայմանագրի նախագծի, սահմանների դելիմիտացիայի, ջրային ռեսուրսների համատեղ կառավարման, էլեկտրական ցանցերի միավորման և վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը։
Կողմերը քննարկել են նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային նախագծի գործնական իրականացման ընթացքը՝ ներառյալ երկաթուղային և ավտոճանապարհային հանգույցների պլանավորման հարցերը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սկսած 2025 թվականի նոյեմբերից՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել շուրջ 105,000 տոննա բեռ։
Եվրոպական դիվանագիտական ակտիվություն
Իլհամ Ալիևի եվրոպական շրջայցն ուղեկցվել է մի շարք այլ բարձր մակարդակի հանդիպումներով։ Մասնավորապես, նա բանակցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ քննարկելով Հարավային գազային միջանցքի ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները։
Առանձնազրույց է կայացել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ, որի ընթացքում շեշտը դրվել է էներգետիկ անվտանգության ամրապնդման և գյուղատնտեսական ոլորտում առևտրատնտեսական կապերի խորացման վրա։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։ Վերջինս սոցցանցերում գրել է, որ կողմերը կենտրոնացել են ռազմավարական գործընկերության խորացման, ինչպես նաև Կասպից և Սև ծովերը միմյանց կապող խոշոր էներգետիկ ու ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Ալիևը հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեևի և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում