Ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների ու պատմության. Դանիելյան

Ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների ու պատմության. Դանիելյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է․ «Ներկայիս իշխանությունն ամեն կերպ փորձում է հաճոյանալ Ալիևին և Էրդողանին, որպեսզի շանս ստանա վերարտադրվելու, նրանց նպատակն է Էրդողանի և Ալիևի հոգին փառավորելը»։

Նրա խոսքով՝ այս իշխանություններն ամբողջ թափով ջանում են մոռացության մատնել մեր հերոս նահատակների փառավոր ուղին: «Ուղարկվող պսակները նույնիսկ չեն բարեհաճում պատշաճ կերպով ուղարկել, տաքսիով են ուղարկում, սա վերաբերմունք  չէ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի ջնջի մեր պատմությունն ու ազգային ինքնությունը, արշավ է սկսում Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Խաղաղության մասին հայտարարությունները պատգամավորը «հերթական մանիպուլյացիա» է որակել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի, Հայաստանում ադրբեջանցիների տեղակայման մասին։

Դանիելյանը զգուշացրել է՝ այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. «Ներկայիս իշխանությունները ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների, պատմության, ազգանվեր գաղափարախոսության»։

Նա ցավով է արձանագրել է, որ իշխանությունները «սկսել են նոր կետից՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ, այսքան արհավիրքներ բերելով խմբագրում են մեր պատմությունը: Պատգամավորը կոչ է արել սերունդներին դաստիարակել հերոսների օրինակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում