Լիաննա Պետրոսյանին ոչ ոք չի լիազորել հանդես գալ արցախցիների անունից․ Երիցյան

Լիաննա Պետրոսյանին ոչ ոք չի լիազորել հանդես գալ արցախցիների անունից․ Երիցյան

Իրավապաշտպան Ռոման Երիցյանը տեսաուղերձով է հանդես եկել, որում ասում է․ «Շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել, որը վերաբերում է արցախցիների անունից հանդես գալու հարցին։ Այլ բան է, երբ որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ հորդորում, խնդրում կամ առաջարկում է արցախցիներին դիմել այս կամ այն գործողությանը, և բոլորովին այլ բան է, երբ ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ արցախահայության անունից կամ ներկայացնել արցախցիների շահերը տարբեր ոլորտներում։

Որքանով տեղյակ եմ՝ արցախցիները մինչ այս պահը որևէ մեկին չեն լիազորել հանդես գալ իրենց անունից կամ ներկայացնել իրենց շահերը։

Այլ բան է, երբ մարդիկ պարզապես հորդորում են դիմել այս կամ այն գործողությանը՝ որևէ խնդրի լուծման նպատակով, և բոլորովին այլ է, երբ մարդիկ հայտարարում են, թե իրենք են արցախցիների ներկայացուցիչը։

Էդպիսի մի անձնավորություն է, օրինակ, Լիաննա Պետրոսյանը, ում ես անձամբ չեմ ճանաչում, բայց նկատել եմ, որ նա լուսանկարներ է հրապարակում ՀՀ իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի հետ և հանդես է գալիս որպես արցախցիների շահերը ներկայացնող անձ։

Ընդ որում՝ այդ ամենը ներկայացվում է ոչ թե որպես քաղաքական, այլ հասարակական գործունեություն։

Նույն այդ անձը վերջերս հայտարարություն է տարածել՝ առաջարկելով այն արցախցիներին, ովքեր բնակվարձի փոխհատուցում չեն ստացել, ուղարկել իրեն իրենց անձնական տվյալները՝ որոշակի խնդրի լուծման նպատակով։

Մարդիկ այդ տվյալները ուղարկել են, սակայն ես այսօր ստացել եմ մոտ 20 զանգ, որոնցից յուրաքանչյուրը մտահոգություն է հայտնել։ Նրանք ասում են, որ արդեն ուղարկել են տվյալները, բայց փոշմանել են ու չեն վստահում։ Հարց է առաջանում՝ հնարավոր չէ՞, որ այդ տվյալները օգտագործվեն այլ նպատակներով։

Ամեն ինչ էլ կարող է պատահել՝ կարող է և իրականացվի խոստացված օգնությունը, կարող է և ոչ։

Բայց դուք պետք է հաշվի առնեք, որ հետագայում, եթե խնդիր առաջանա, դուք ինքներդ եք եղել այն անձը, ով սեփական կամքով է ուղարկել այդ տվյալները։ Դա զուտ անձնական պատասխանատվության հարց է։

Իմ խոսքն ուղղված է այն բոլոր անձանց, ովքեր հասարակական կամ քաղաքական գործունեություն են իրականացնում։ Խնդրում եմ՝ որևէ մեկը իրեն իրավունք չվերապահի իմ անունից հանդես գալ՝ որպես արցախցի։

Խոսքը չի վերաբերում Արցախի Հանրապետության սահմանադրական ինստիտուտներին, այլ՝ տարբեր անհատների։

Արդյոք արցախցիների մեծամասնությունը Լիաննա Պետրոսյանին լիազորել է ներկայացնել իրենց շահերը որևէ ոլորտում՝ կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ, որ արցախցիների մեծ մասը արժանապատիվ մարդիկ են, ովքեր չեն կարող որևէ մեկին ինքնակամ լիազորել, հատկապես՝ մեկին, ով ակտիվորեն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ։

Դրանից բացի՝ այդ անձը հրապարակում է լուսանկարներ Արսեն Թորոսյանի հետ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է այդ անձը արտահայտել արցախցիների վերաբերյալ։

Հնարավոր է, այդ հրապարակման նպատակը ցույց տալն է, թե իբր համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ի շահ արցախցիների։ Բայց իմ համար անընդունելի է ցանկացած խնդիր լուծել այնպիսի մարդու միջնորդությամբ, ով հրապարակում է լուսանկար ՀՀ իշխանության ներկայացուցչի հետ, այն էլ՝ շնորհակալություն հայտնելով նրան։

Լուսանկար հրապարակել մի իշխանության ներկայացուցչի հետ, որը հանձնել է Արցախի Հանրապետությունը, և հանդես գալ Արցախի անունից՝ անընդունելի է։

Եթե նա ունի լիազորություն ներկայացնելու որոշակի անձանց շահերը, թող խոսի միայն այդ մարդկանց անունից։ Թեկուզ այդ մարդիկ մեծաթիվ լինեն, երբեք չպետք է ներկայացնի բոլոր արցախցիներին։

Կան որոշակի արցախցիներ, ովքեր, չգիտեմ ինչ տրամաբանությամբ, աջակցում են ՀՀ իշխանությանը, բայց ես և հազարավոր արցախցիներ չունենք նման տեսակետ։

Մեր համար անընդունելի է ՀՀ իշխանության ցանկացած ներկայացուցչի գործողություն կամ ցանկացած քաղաքական ոտնձգություն, որը կատարվում է արցախցիների նկատմամբ։

Մենք այս իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք։

Ես ոչ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ եմ, ոչ էլ Մոսկվայում նստած։

Ես արցախցի եմ, ով բարձրաձայնում է իր կարծիքը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում