Զարմացած եմ այն մարդկանց, քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին․ Սերժ Սարգսյան
Նմանատիպ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է․ «Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները: Բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն: Այնպես որ, համբերությամբ սպասենք։ Մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ հայրապետի, Եկեղեցու կողքին։ Հենց Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել»:
Վարդան Ղուկասյանի մասին հարցին պատասխանելով՝ ասել է Սերժ Սարգսյանը նշել է․ «Անկախ որևէ հանգամանքից, այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է, և ընդհանրապես, բոլորիս համար պարզ է չէ՞, որ այս իշխանություններն ունեն զրո հանդուրժողականություն այլակարծության հետ կապված։ Նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով փորձում են լռեցնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց»,- նշել է Սարգսյանը:
«Այս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են: Վարդան Ղուկասյանն ընդդիմության շրջանակներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն է: Մենք ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին»,- հավելել է 3-րդ նախագահը:
Նախագահ Սարգսյանը նաև ասել է․ «Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ՀՀ հացահատիկ ներկրելու մասով․ Չեմ կարծում, որ դա Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ և ամենաէժան տարբերակն է։ Ես դեմ չեմ, եթե այդ հացահատիկը հացի գներն էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ»։
«Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել ԱԺ-ում:
Բոլոր պրոցեսներում լինում են և լավ իրավիճակներ և վատ իրավիճակներ: Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի հարցով, բայց օր առաջ այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ: Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություներում ընդդիմությունն անհաջողության է մատնվելու: Բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընտրությունները լինելու են առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, առանց մուրճի, առանց սրան-նրան շինելու, այնպես որ, սա է իրավիճակը»,- ասել է նա:
«Զարմացած եմ այն մարդկանց, քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Դրանք երկուսն էլ սահմանադրական դրույթներ են։ Այսպես, թե այնպես, ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմետը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, ապա մենք այդպես չենք կարծում։ Մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը Հայաստանին միայն ու միայն օգուտ կբերի»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանի հետ կապված 3-րդ նախագահն ասել է․«Ես այդ մարդուն մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ․ մի անգամ 1993-ի վերջ-1994-ի սկիզբ, մի անգամ 1998-ին, երբ դատարանում ենք հանդիպել, մի անգամ էլ 2018 թվականին, և դրանից հետո ոչ միջնորդավորված խոսել եմ, ոչ էլ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, ի՞նչ է նշանակում ճանաչել եմ նրան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին՝ եթե ճանաչել է Փաշինյանին, ինչո՞ւ 2018 թվականին իշխանությունը տվեց նրան»։
Սերժ Սարգսյանն իր անվերապահ աջակցությունն է հայտել Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին, ում այս օրերին դատապարտել են ազատազրկման։
«Համոզված եմ՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայությունները՝ նրա հայրենիքին։ Նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և ես նրան երախտապարտ եմ որպես Մինսկի խմբի համանախագահ դրած ջանքերի համար, որպեսզի Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակում։ Ցավոք սրտի, ո՛չ նա, ո՛չ ես չհասցրեցինք իրականացնել դա»,–նշել է Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում