Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի. Սահակյան
Նմանատիպ
NEWS.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանելով վերջին զարգացումները՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարումն իր ընտանիքի կողմից ներգրավված փաստաբանից և հանրային պաշտպանի նշանակումը, ասել է․ «Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»։
Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարել այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, այդ թվում՝ ձայնա և տեսանյութերին:
«Նրա նշած փաստարկներն արդեն իսկ բավարար են, որպեսզի թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս հայերի նկատմամբ իրականացվող այս ողջ «դատավարությունը» համարվի անարդար: Պաշտպանության կազմակերպման տարրական հնարավորություններից զրկելն ամբողջ դատավարությունն անարդար է դարձնում, քանի որ առանց պաշտպանության հանրավոր չէ մյուս իրավունքների իրացումը: Եթե տեղեկացված չես, նյութերին ծանոթ չես, չես կարող անգամ միջնորդություններ ներկայացնել, ինչը չափազանց կարևոր է կողմերի հավասարության, մրցակցության սկզբունքի ապահովման համար: Տասն ամիս նման սահմանափակումներով իրականացվող դատավարություն կոչվածը չի կարող արդար լինել, և այս խնդիրը մենք ներկայացնում ենք միջազգային կազմակերպություններին»,-նշել է Սահակյանը:
Իսկ նոր հանրային պաշտպանի նշանակումը, ըստ նրա, ձևական բնույթ է կրում: Սիրանուշ Սահակյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ անգամ ձևի համար լրացուցիչ ժամանակ չի տրվել նոր պաշտպանին՝ գործի նյութերին գոնե հպանցիկ ծանոթանալու համար, քանի որ հաջորդ նիստը նշանակվել է նույն՝ մեկշաբաթյա պարբերականությունը պահելով, ինչպես նախկինում: «Բացի այդ, ինչպես ադեն նշել են փորձագետները, այդ փաստաբանը աչքի է ընկնում ակնհայտ հայատյացությամբ, ինչը ևս մտահոգիչ է: Բնականաբար, նա լինելու է դատախազության կցորդն ու ներկայացուցիչը, և հասկանալի է, որ որևէ պաշտպանության մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակել է Սահակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում