Վաղարշապատում պիտի իշխանափոխություն լինի․ Հովհաննիսյան
Նմանատիպ
Այս իշխանությունը ամեն գնով պետք է փոխվի․ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արկադի Փայտյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ձերբակալում են մարդկանց այս կամ այն պատրվակով․ առաջ բողոքում էին նախկին իշխանություններից, թե վարչական ռեսուրս են օգտագործում ընտրությունների ժամանակ, ճիշտ էին ասում, «Ժառանգությունն» էլ իրենցից ավելի ընդդիմադիր էր բոլոր իշխանություններին, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, աննախադեպ, զազրելի հարձակում է իրավունքի վրա, վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել, մարդկանց ստիպել․․․»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Խոսելով եկեղեցու դեմ արշավի մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ հոգևորականների դեմ «սլաք են ուղղում», բայց Վաղարշապատի բնակիչները պիտի պահապանը լինեն Հայոց Սուրբ Աթոռի, որն այսօր «հարձակման տակ է, տարբեր եղանակներով»։
«Այն մարդիկ, ովքեր տանուլ տվեցին պատերազմը, մեր ոսկի 5000 տղաներին հանձնեցին հողին, զիջեցին հայրենիք, ստորագրեցինփաստաթղթեր, հիմա աքլորացած «սպեցնազերով», ոստիկաններով սլաք են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ եկեղեցու»,-ասել է Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ խոշորացված Վաղարշապատ համայնքում պիտի իշխանափոխություն տեղի ունենա։ «Եվ դրանով պիտի շարունակվի ընթացքը, որը բերելու է մեր ողջ երկրի ազատագրմանը, համապետական ազատագրմանը՝ ոչ թե հոգևոր ղեկավարությունից, այլ իրենցից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում