Ալիևի հայտարարությունը ամենաառարկայական ապացույցն է ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության. Սաղաթելյան
Նմանատիպ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգաավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. «Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները։
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխող ուժը շտապեց հայտարարել, թե խաղաղությունն արդեն իրականություն է։
– Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը հստակ սահմաններով,
– որևէ կերպ չի զսպվում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
– չամրագրելով արցախահայության վերադարձի իրավունքը՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհը անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիևի դիրքերը՝ հասարակությանը ճշմարտությունը ներկայացնողներին պիտակավորելով «ռևանշիստ», հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, ակտիվացնելով Սահմանադրության փոփոխության գործընթացը, կրճատելով զինված ուժերի ֆինանսավորումը և զինվորական ծառայության ժամկետը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղություն է հաստատվել։
Ալիևի այսօրվա հայտարարությունը դարձել է ամենաառարկայական ապացույց ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետություններին, ակնկալում ենք բոլորից՝ անհապաղ և հրապարակային ձևով դատապարտել Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։
Հակառակ դեպքում ձեր ողջույնները դառնում են ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողություն։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա արժանապատիվ պետություն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը և իր քաղաքացիներին»։