Եթե չկա նման բան, ապա ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի, դատապարտվի․ Բագրատ Սրբազան

Եթե չկա նման բան, ապա ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի, դատապարտվի․ Բագրատ Սրբազան

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազան դատարանում հայտարարել է․ «Ես պաշտոնապես ասում եմ, հարգելի դատարան, եթե կա նման արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ կամ այստեղ գտնվողներից որևէ մեկի  ձեռքով, ես պատրաստ եմ այս դատարանում առանց քննության, առանց ապացույցի  կրել ծայրագույն պատիժ։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցումն ունի»։

Նա մինչ այդ հիշեցրել է, որ երեկ ՔԿ ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ իբր Բագրատ Սրբազանի  ձեռքով կա գրված ահաբեկչության պլանավորում։ Սրբազանի խոսքով, եթե չկա նման բան, ապա ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի ու դատապարտվի զրպարտության համար օրենքով սահմանված կարգով։

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-ասել է նա՝ հավելելով․

«Անտրտունջ կալանքի մեջ ենք։ Բաց է տեսակցությունը, թե՝ փակ բացարձակ հետաքրքիր չի եղել, անկեղծ՝ չի նեղացրել ինձ ոչ մի ձևով, որովհետև գիտեմ՝ ինչի համար է, բայց այլևս անհանդուրժելի է այդ լրջագույն ամբիոնը դարձնել ուղղակի քարոզչամիջոց՝ Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից մարդկանց արատավորելու, առանց դատական որևէ գործընթացի, փաստական ապացույցի ներկայացման։ Այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Ասել է նման բան, ուրեմն, պետք է պատասխան տա։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»։

Սրբազանը կոչ է արել՝ հաջորդիվ  քննության առնել նաև այդ հայտարարությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում