Երևանում ավարտվել է միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը

Երևանում ավարտվել է միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը

Ավելի քան 200 մասնակից, 130 բանախոս աշխարհի ավելի քան 30 երկրից։ Երևանում ավարտվել է միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։

Երկու օր շարունակ «Մերիդիան» ցուցահանդեսների սրահը վերածվել էր մեր տարածաշրջանի ֆինանսական կարևորագույն զարգացումների հիմնական կենտրոնի։ Ֆորումի կազմակերպիչն էր PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։ FinnoWay Armenia 2025-ն անցկացվեց Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ։

Ֆորումը միավորեց պետական մարմինների և կարգավորող կառույցների ներկայացուցիչների, բանկերի և ֆինտեք ընկերությունների ղեկավարների, ՏՏ պարկերի և աքսելերատորներին, ֆոնդային բորսաների, վենչուրային և ներդրումային կառույցների, հեռահաղորդակցման և ՏՏ օպերատորների, մանրածախ առևտրի և էլեկտրոնային առևտրի ոլորտների մասնագետների։

Ֆորումի ծրագիրն ընդգրկում էր մի շարք առանցքային ուղղություններ՝ բանկային համակարգի թվային վերափոխում, ազգային վճարային գործիքների զարգացում, կիբերանվտանգության նորարար լուծումներ և ֆինտեք լուծումների ինտեգրում պետական կառավարման համակարգում։ Առանձին քննարկումներ նվիրված էին ֆինտեքի և պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին (ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակները և RegTech գործիքները), վճարային համակարգերի անվտանգությանն ու կիբերսպառնալիքներին դիմակայելու ուղիներին, վստահելի թվային միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը և վենչուրային ներդրումների ներգրավմանը, էլեկտրոնային առևտրի և թվային ռիթեյլի ապագային, ինչպես նաև արհեստական բանականության և մեծ տվյալների կիրառմանը՝ ֆինանսական հաստատությունների ու կորպորատիվ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կազմակերպիչները՝ PLUS Group-ի ներկայացուցիչները կարևորում են հենց Հայաստանում նման ֆորում անցկացնելու փաստը։ Այստեղ նրանք մեծ հնարավորություններ են տեսնում։

Միջազգային PLUS Ֆորում FinnoWay Armenia 2025-ի անցկացմանն աջակցել է ՀՀ կենտրոնական բանկը։ Բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեսաուղերձով ողջունել է քննարկումների մասնակիցներին, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք։ Հայկական կողմի ակնկալիքները լրագրողներին է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

PLUS Group ընկերությունը միջազգային PLUS-Ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ ԵԱՏՄ երկրների համար առաջին ֆորումը տեղի է ունեցել 2019 թվականին։ 2021 թվականից ընկերությունը սկսել է ակտիվորեն PLUS-Ֆորումներ կազմակերպել նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Երևանում երկու օր տևած քննարկումների ընթացքում բանախոսները խոսել են ոլորտի կարևոր զարգացումների, մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին։ Ֆորումն աչքի է ընկել նաև յուրահատուկ ներկայացումներով։ Այսպես այսօր՝ նոյեմբերի 12-ին, FinnoWay Armenia-ի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է Diella-ն՝ աշխարհում առաջին արհեստական բանականության նախարարը, որը մշակվել է Ալբանիայի Տեղեկատվական հասարակության ազգային գործակալության (AKSHI) կողմից։

Ֆորումի ավարտին եղել է նաև խաղարկություն ու մրցանակաբաշխություն։

Միջազգային PLAS ֆորումը Հարավային Կովկասում անց էր կացվում առաջին անգամ։ Սակայն թե՛ կազմակերպիչները, թե՛ ֆորումի մասնակիցները խոսում են այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում