«Հալվա, հալվա» ասելով՝ բերանդ չի քաղցրանում կամ ո՞րն է ընդդիմության «դիլեման»

«Հալվա, հալվա» ասելով՝ բերանդ չի քաղցրանում կամ ո՞րն է ընդդիմության «դիլեման»

Երեկ տեղեկացա, որ երկու օր առաջ Թերթ.am-ի «Կիզակետում» հաղորդման ընթացքում իմ հայտնած որոշ մտքեր մեծ ոգևորություն են առաջացրել ընդդիմության մի մասի շրջանում։ Պարզվեց՝ մարդիկ «հաղթանակ» են տոնել՝ ասելով, թե «վերջը էտ Մելիք-Շահնազարյանն էլ ընդունեց, որ նիկոլին ընտրություններով է պետք հեռացնել»։ Ավելի «վճռական» պնդումներ էլ են եղել, բայց մեջբերված նախադասությունն ընդհանուր միտքը լիարժեք է արտահայտում։ Այնքան վստահ էին խոսումում, որ քիչ էր մնում ինքս հարցազրույցը միացնեի ու տեսնեի, թե այդ ինչ եմ ասել, որ նման բերկրանք եմ պարգևել ընդդիմության շատ կոնկրետ հատվածի կողմնակիցներին։ Հետո որոշեցի ժամանակ չվատնել։ Ի վերջո, վաղուց արդեն պարզ է, որ մեր երկրում ոչ ոքի ոչինչ այլևս հնարավոր չէ ապացուցել։ Ով ինչում համոզված է, այդ համոզմունքին էլ մնում է։ Ավելին՝ իրականությունը «համապատասխանեցնում» է այդ համոզմունքին։ Օրինակ, եթե x քաղաքական ուժը վստահ է, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, նա մեծ ոգևորությամբ հղվում է Գյումրու «նախադեպին»՝ ասելով, թե՝ տեսա՞ք, որ հնարավոր է։ Գյումրուն հետևում է Վաղարշապատի ձախողումը՝ նրանք նույն ոգևորությամբ ասում են, թե ընդդիմության մի կեսն է միայն մասնակցել ու 30% ձայն տարել, մյուսն էլ թե մասնակցեր՝ հաստատ հաղթանակ կլիներ, ինչպես դա եղավ Գյումրում…

Ցանկացած իրավիճակ սեփական ծրագրերին հարմարացնելու ախտը զուգորդվում է ընդդիմադիր շատ գործիչների մոտ վառ արտահայտված «էքսկլյուզիվության» զգացումով։ «Կարևորը մենք ենք ու Ամերիկան» սկզբունքով առաջնորդվող գործիչները «մանրերին» առաջարկում են տեղավորվել այս կամ այն դաշինքում և «ոտքի տակ չընկնել» (վերջին այս կոչը քողարկված է «ձայն չփոշիացնել» արտահայտության ներքո – Հ.Մ-Շ)։ Ու ահա այսպիսի տրամադրություններով ընդդիմությունը գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ՝ կարծելով, թե այնտեղ հաղթանակ է լինելու։

Չի լինելու։ Ավելի ճիշտ՝ չի լինելու, եթե այսպես շարունակվեց։

Իսկ հիմա ուզում եմ ևս մեկ փոքրիկ նվեր մատուցել ինձ «սխալ հանած» ընդդիմադիր ստատուսագիրներին՝ հուսալով, որ դա կօգնի նրանց ավելի ճիշտ հասկանալ վերոնշյալ հարցազրույցում իմ արտահայտած մտքերը։ Եվ այսպես՝ արդեն ասացի, որ եթե դեպքերի զարգացումը նույն ընթացքն ունենան, ապա ոչ մի հաղթանակ ընտրություններում չի լինելու։ Բայց նաև այնպես չէ, որ այդ հաղթանակն անհնար է։ Հնարավոր է։ Միայն մեկ դեպքում՝ եթե այն սկսենք կերտել այսօր։

Ընտրություններում հաղթելու համար, պետք է սկսել իմփիչմենթով, բողոքի ալիք ձևավորել․ Մելիք-Շահնազարյան

Ինչպե՞ս։ Պատասխանը կրկին նույնն է՝ իմպիչմենտի գործընթացն ակտիվացնելու միջոցով։

Պարզաբանեմ միտքս։ Հաղթանակներն հենց այնպես չեն տրվում։ Ընտրություններում հաղթելու համար աշխատանք է պետք։ Անհրաժեշտ է քաղաքական գործընթացներ գեներացնել, ժողովրդին ոտքի հանել, փողոցներ և հրապարակներ լցնել, հաղթական ալիք ձևավորել և այդ ալիքի վրա գալ իշխանության։ Ոչինչ չի ստացվի, եթե իշխանության հանգիստ գործելու այս հնարավորությունները պահպանվեն։ Ոչինչ չի ստացվի, եթե իշխանափոխության ու վերականգնման շունչն օդում կախված չլինի։ Միթե՞ դժվար է սա հասկանալ։

Իմպիչմենտի գործընթացը նման ալիք ձևավորելու, պրոցեսները կրկին քաղաքական դարձնելու և դրանց հիմքում հենց իշխանափոխության գաղափարը դնելու միակ ուղին է։ Միակը։

Մեծագույն ապուշություն է իմպիչմենտն ընտրություններին հակադրելը։ Ճիշտ հակառակը՝ սրանք նույն նպատակին տանող և մեկը մյուսին լրացնող սահմանադրական երկու գործիքներ են։ Երկու փոխկապակցված հնարավորություն։ Եթե այդ հնարավորություններից մեկն անտեսում ես, երկրորդը դատապարտված է ձախողման։ Ժամանակն է, որպեսզի ընդդիմադիր գործընկերները վերջապես հասկանան այս պարզ ճշմարտությունը և դադարեն վատ գեներալների պես պատրաստվել անցած պատերազմներին։

Խորհրդարանական ընտրությունները ոչ Գյումրու պես են լինելու, ոչ էլ Վաղարշապատի։ Այնտեղ միանգամայն ալ տրամաբանություն է գործելու։ Խաղի այլ կանոններ, այլ խաղադրույթներ։ Իշխանությունները վաղուց են պատրաստվում այդ ընտրություններին։ Իսկ ընդդիմությու՞նը…

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում