18 արդարների գորոծով դատարանը կալանքի փոփոխություններ է իրականացրել

18 արդարների գորոծով դատարանը կալանքի փոփոխություններ է իրականացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստը։ Դատարանը քննարկել է մեղադրյալների խափանման միջոցների հարցը։

Ֆարխոյանը բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։

Նշենք, որ Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի հետ կապված, հնարավոր է՝ վիրահատության կարիք էլ լինի, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը:

Նախքան որոշման կայացումը, դատախազը միջնորդեց երկարաձգել Արա Ռոստմոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետը երեք ևս ամսով՝ առանց որևէ փոփոխության, այն նույն սահմանափակումներով, որոնք նախատեսված էին նախորդ որոշմամբ, նաև թույլատրել այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը լսելով  կողմերի կարծիքը, որոշեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։

Մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատարանը կիրառեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք։

Ֆարխոյանը հայտարարեց, որ թեև խոչընդոտելու հիմքը դեռ առկա է, բայց նվազ չափով, և դատարանը որոշում է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ 3 ամիս ժամկետով տնային կալանք  և բացակայելու արգելք։

«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են  ապահովել  մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ պայմաններում կիրառված  խափանման միջոցը կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 26-ից սկսած որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ միասին»,- ասաց դատավորը։

Դատարանը փոխեց նաև մեղադրյալ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, թեև մեղադրող կողմը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Դատարանի որոշմամբ, Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո նա դուրս կգա ՔԿՀ-ից։

Դատարանի որոշմամբ, մեղադրյալ Արման Իսրայելյանի  նկատմամբ  կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխվեց. կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 25-ից հետո, նրա նկատմամբ կկիրառվի տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով, համակցված բացակայելու արգելք, 2 միլիոն դրամի չափով գրավ։ Նշենք, որ դատախազը միջնորդել էր կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի պաշտպանն էլ միջնորդեց վերացնել տնային կալանքը. «Բռնի տեղահանված Դավիթ Գալստյանը, գտնվելով ազատության մեջ, կկարողանա աշխատել և հոգալ իր ընտանիքի անդամների հոգսերը։ Միջնորդում ենք սահմանել վարչական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնց պարագայում էլ կարողանա ներկայանալ աշխատանքի։

Դատավորը հայտարարեց. «Հաշի առնելով առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել մեղադրյալի մոտ, նաև հաշվի առնելով, որ դատական նիստերի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը՝ միակ կերակրողն է, այլ անձինք չեն աշխատում ընտանիքում, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, անփոփոխ թողնել խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը»։

Դատարանի որոշմամբ, Դավիթ Գալստյանը մարդաշատ վայրեր չի կարող այցելել, վարույթով մեղադրյալների հետ չի կարող շփվել։

Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը վերացվեց։  Դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշեց այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում