Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»

Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամեն ինչի մասին կխոսի ժողովից հետո։

«Ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու»,- նշել է Սրբազանը։

Սրբազան Հայրն ասել է, որ ժողովում կքննարկվի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչվում Վեհափառ Հայրապետի անունը։

Աբրահամ Սրբազանը չի տեսնում, որ եկեղեցին բաժանվել է երկու թևի՝ «նիկոլականներ» ու «ոչ նիկոլականներ»։

«Ես այդպիսի բաժանում չեմ տեսնում»,- նշել է Վայոց ձորի թեմի առաջնորդը։ Սրբազանն ասել է, թե ինքը Տեր Հովհաննեսին չի ասել, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը։

«Դա այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը աղոթում էի մեր երկրի ու ժողովրդի համար»,- նշել է Սրբազան Հայրը։

Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը՝ կապված իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության հետ։  Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրակարգ չի ստացել, հրավիրվել է ժողովին՝ հարցեր քննելու համար։

Հարցին՝ կո՞ղմ էր Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն ասել է. «Կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացվում է  ժողովներին։ Ես այդ հարցով իր հետ ուղիղ չեմ խոսել, իմ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախված է  այս ժողովներում ասված նյութի հետ։ Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։

Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եկեղեցին քաղաքականության մեջ  պիտի չխառնվի՝ ոչ նախկինում, ոչ այսօր։

Ես համամիտ չեմ եղել և այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ»։

Հարցին՝ Միքայել Սրբազանի կալանավայրում լինելը մեկ տարի առաջ հնչած խոսքի համար իր համար հանդուրժելի՞ է, Վայոց Ձորի թեմի Առաջնորդը պատասխանել է. «Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում