Վեհափառ Հայրապետը միայն բարձր պաշտոնի կրող չէ, այլ նախ և առաջ՝ հոգեւոր հայր․ Տեր Վրթանես
Կարդացեք նաև
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Սիրելինե’ր ի Քրիստոս,
Մեր սրտերում խոնարհագին երախտագիտությամբ եւ որդիական սիրով այսօր բարձրացնում ենք գնահատանքի խոսք առ մեր Վեհափառ Հայրապետը, ով օծմամբ, Տիրոջ կողմից իրեն շնորհված իշխանությամբ ու Սուրբ Հոգու առաջնորդությամբ կանգնած է Հայ Եկեղեցու գահին՝ որպես քաջ հովիվ, բարեգութ հայր և Աստուծո պատգամաբեր։
Վեհափառ Հայրապետը մեր ժողովրդի կյանքի մեջ հանդիսանում է այն լույսը, որ իր ծառայության միջոցով պահպանում և ամրացնում է հավատքի ճառագայթները։ Նրա խոսքի մեջ լսվում է առաքելական ավանդության ուժը, նրա աղոթքի մեջ՝ հայրական հոգատարությունը, իսկ նրա ընթացքի մեջ՝ մշտանորոգ ծառայասիրությունը։
Նա կանգնած է մեր Սուրբ Եկեղեցու գլուխն իբրև այն ամուր խարիսխը, որ հավաքում է իր զավակներին և կոչ է անում ապրելու սիրո, միության և խաղաղության մեջ։ Վեհափառի կյանքի օրինակը մեզ հորդորում է մնալ անսասան հավատքի մեջ, պահպանել մեր հոգևոր ժառանգությունը և աճել առ Աստված։
Սիրելի’ ժողովուրդ, մեր Վեհափառ Հայրապետը միայն բարձր պաշտոնի կրող չէ, այլ նախ և առաջ՝ հոգեւոր հայր, որ անքուն հոգատարությամբ պահպանում է միությունը և նախանձախնդիր կերպով շարունակում Եկեղեցու առաքելությունը, ամրացնում մեր հոգիները և Հայոց ժողովրդին առաջնորդում դեպի արդարության, ողորմության ու ճշմարտության ճանապարհը։ Նրա սրտի մեջ բաբախում է ամբողջ Հայ ժողովրդի ցավն ու հույսը, նրա խոսքի մեջ հնչում է Տիրոջ կամքն ու առաջնորդությունը։
Աղաչե’նք, որպեսզի Բարեգութ Աստված երկարացնի նրա օրերը, զորացնի նրա օծյալ աջը, լուսավորի նրա հանճարը և պարգևի առողջություն, առավել քաջություն ու անսպառ շնորհ՝ ի շահ Սուրբ Եկեղեցու և մեր ամբողջ ազգի։
Թող Տերը պահապան լինի մեր Վեհափառ Հայրապետին՝ ի բարօրություն Հայ Եկեղեցու և ի փառս աստվածային անսպառ ողորմության։
Ամեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում