Եթե հունիսին փոփոխություն չլինի, սա կլինի վերջին ընտրությունը․ Բագրատյան
Կարդացեք նաև
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ իշխանությունը շարունակելու է բռնությունները, սակայն դա չի նշանակում, որ ամեն անգամ «պապը փլավ կուտի»։ Այս մասին նա հայտարարել է այսօր ԱԺ-ում հրավաիրված լսումնեերի ժամանակ։
«Գոնե մենք պետք է պարտավորություններ ստանձնենք որպես քաղաքական ուժեր՝ մարդ տրամադրելու, հավաքներ կազմակերպելու անարդար դատերի ժամանակ և վերջապես որոշակի ֆոնդ ստեղծելու՝ փաստաբանական ծառայությունների համար։ Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ կա որակյալ փաստաբանական միջամտություն, որոշակի հաջողությունների ենք հասնում, այլապես ամեն անգամ չենք կարող ասել՝ միևնույն է՝ քաղաքական է, միևնույն է՝ ոչինչ անել չես կարող։ Այդպես չէ․ շատ հաճախ նույնիսկ իրավապահ ոլորտում մարդիկ կան, որոնք ստիպված են հաշվի նստել ակնառու փաստերի հետ։ Ես գտնում եմ, որ մենք պարտական ենք քաղբանտարկյալներին այն առումով, որ այսօր իշխանությունը քիչ ժամանակ ունի հերթական դավաճանական քայլեր անելու, կապիտուլյանտական դրսևորումներ ցուցաբերելու»,- հայտարարել է Բագրատյանը։
Վերջինս նշել է, որ հետևում է ԱԺ-ում «ՔՊ»-ականներ Ռուբեն Ռուբինյանի, Սարգիս Խանդանյանի, Արման Եղոյանի ելույթներին, որոնցում խոսվում է անկլավների գոյության և դրանք Ադրբեջանին վերադարձնելու մասին, սակայն «ՔՊ»-ականներին հակահարված պետք է տալ։
«Մարդն ասում է՝ անկլավ կա, պետք է վերադարձնենք։ Հետո ասում է՝ սահմանազատում անելիս ամբողջը կորոշենք։ Եթե պետք է սահմանազատում անեք, ինչպե՞ս եք արդեն գիտեք, որ անկլավ կա։ Օրինակ, ասում է՝ Քյարքին պետք է տանք, սահմանազատում չկատարած։ Ասում ես՝ 1988 թ. հունվարի 12-ին ստորագրված փաստաթուղթ կա, որ Քյարքի անկլավ գոյություն չունի, չի եղել թուղթ, որով ՀՀ-ն այդ 14 քառ. կմ-ը տվել է Ադրբեջանին։ Թուրքերը պարզապես այդտեղ ապրել են։ Պետք է հակահարված տալ. սրանք արդեն պատրաստվում են դրանք տալ և մտածում են, թե գուցե Արծվաշենն էլ ստանանք։ Նույն 1988 թ. փաստաթղթով Արծվաշենն իսկապես մերն է, բայց Սոֆլու, Բարծուդարլու, Քյարքի՝ իբրև ադրբեջանական բնակավայրեր գոյություն չունեն։ Բա երբ գնում եք սահմանազատման, ինչպե՞ս եք իմանում՝ այդ անկլավը կա, թե ոչ։ Մենք այնպիսի հատվածներ ենք տալիս, որ Հանրապետությունը կտրվում է հարավից՝ բզկտելով երկիրը»,- ասել է նա։
Բյուջեի մասին խոսելիս գործիչը նշել է, որ նախկին իշխանությունների օրոք այն ավելանում էր 5-6 անգամ ավելի շատ, քան հիմա։
«Ավելի ծանր բաներ են անում։ Հաստատվել է բյուջեն՝ 3 տրիլիոն 328 մլրդ ծախս, 3 տրիլիոն 91 մլրդ՝ եկամուտ։ 5 տոկոս տնտեսական աճն է, 3.5 տոկոս գնաճը, ու դրա պատճառով բյուջեն աճում է։ Ընդհանուր առմամբ, ինչպես եղել է պետական բյուջե–ՀՆԱ հարաբերությունը՝ 24 տոկոս, այնպես էլ վերջին 8 տարում բարելավվել է ընդամենը 1.2 տոկոսով։ Հետագա 10 տարիներին այդ թիվը բարելավվելու է 0.1 տոկոսով։ Բա հասարակությունը չասի՞՝ ընկեր, դու թալանի դեմ պայքարում էիր, ո՞ւր են այդ փողերը, քանի՞ դոլար է մտել բյուջե այդ թալանից։ Նախկինների ժամանակ ամեն տարի ավելանում էր 0.5-0.7 տոկոս՝ 5-6 անգամ ավելի շատ։ Բանակի ծախսերը 660 մլրդ-ից իջեցնում են 550 մլրդ, այն դեպքում, երբ 660-ը պետք է դառնար 720։ Միանգամից բանակի ֆինանսավորումը պակասեցնում են 25 տոկոսով»,- ասել է նա։
Բագրատյանն ընդգծել է, որ ամեն անգամ Ադրբեջանը խոսում է 17 կետանոց խաղաղության պայմանագրից, բայց չի նշում՝ այդ 17 կետը ի՞նչ է տալու, եթե երաշխիք չկա, որ այդ պայմանագրով նրանք մեր սահմանները կհաստատեն։
«Ինչո՞ւ եք Երևանն այդքան կառուցում, մի հատ ճանապարհ կամ կամուրջ կառուցեք։ Քաղաքներ եք կառուցում, և ես նայում եմ՝ 80-110 հազար մարդ գյուղերից գալիս է քաղաք։ Արտաքին միգրացիան մի կողմ, բա ներքինը՞։ Շենքեր են կառուցում, մարդկանց գյուղերից բերում՝ ասում են՝ արի քաղաքում աշխատանք կտանք, այդ աշխատավարձի եկամտահարկով էլ ծախսը կփակես, մենք էլ փող կաշխատենք, որովհետև տուն կառուցելը կարելի է վաճառել։ Ճանապարհ, փողոց կառուցելը չես կարող վաճառել։ Սա բացահայտ թալան է։ 108 մլն քառակուսի մետր բնակտարածք ունենք, երբ ունենք 3 մլն բնակիչ։ Անպայման պետք է կարողանանք ընդդիմադիր ուժերով միավորվել։ Հույս ունեմ, որ մինչև հունիսի ընտրություններ կանենք անհրաժեշտը, պետությունն այնուամենայնիվ կմնա, տները չեն կառուցվի նրա համար, որ մարդկանց բերեն քաղաք, իսկ գյուղերն էլ տան ադրբեջանցիներին։ Այդ միտումները ես տեսնում եմ։ Եթե հունիսին կարդինալ փոփոխության չհասնենք, դրանք կլինեն ՀՀ պատմության մեջ վերջին ընտրությունները, եթե գործող իշխանությունները կարողանան հաղթանակ տանել»,- եզրափակել է Հրանտ Բագրատյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում