Այսօր ժամը 15:00-ին Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց Վրթանես Սրբազանից հրապարակային ներողություն ենք պահանջելու․ Երիցյան
Կարդացեք նաև
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է նոյեմբերի 27-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ.
«Տեր Վրթանեսի վերջին քայլը՝ Արցախի հանձնման պատասխանատու անձի հետ հանդիպելը, նրա ձեռքը սեղմելը և խոնարհվելը բոլորիս մոտ զայրույթ ու զազրանք է առաջացրել։ Սա բացահայտ անարգանք է Արցախի հիշատակի, մեր զոհերի, մեր կորցրած տուն ու սրբավայրերի նկատմամբ, այն էլ՝ մեր հոգևոր առաջնորդի կողմից։
Հենց այդ պատճառով պարզ քննադատություններով կամ սոցիալական ցանցերում զայրույթի խոսքերով ես չեմ պատրաստվում սահմանափակվել։
Վաղը՝ ժամը 15:00-ին առաջարկում եմ բոլորիդ
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց
(ք․ Երևան, Այգեձորի փող., 53բ)
Վրթանես Սրբազանից պահանջել հրապարակային ներողություն՝
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը հարգանքի արժանացնելու,
հայկական սրբությունները պղծության հանձնողին պատվելու և մեր ժողովրդի ցավը անտեսելու համար։
Չի կարող լինել ներման կամ լռության իրավունք այն դեպքում, երբ վիրավորվում է մեր արժանապատվությունը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նշեք, որ նախօրեին Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում