Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են առաջ մղել․ Արշակ Սրբազան
Կարդացեք նաև
Այսօր Մայր Աթոռում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մասնավորապես նշել է․ «Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել
Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։
Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, իմ կենսագրության, իմ արածների հետ։ Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են և սուտ են։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»,- նշել է նա։
Արշակ Սրբազանը նշել է, որ շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, նույնիսկ Քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրություններ են․ «Ոչ ոք չկա, որ ասի, թե այո՛, այդ տեսագրությունները մենք ենք արել, պատրաստել, հորինել։ Չկա։ Անտեր տեսագրություն է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, թե սա արել ենք և սա իրական է․․․ Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը, դուք պետք է գտնեք այն անձին, որը հորինել և տարածել է այդ տեսագրությունը»։
Նա հավելել է, որ բոլորին է հայտնի, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես նրանց, ովքեր «զմայլված» չեն Նիկոլ Փաշինյանով․ «Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ քննադատության ու թթու խոսքի չէի արժանանալու։ Այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն»։
Արշակ Սրբազանը տեղեկացրել է, որ այս պահին չի դադարեցնի Հայ առաքելական եկեղեցում իր ծառայությունը․
«Ես չեմ դադարեցնի իմ ծառայությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնել պահը, որ զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որ թյուրըմբռնումը մարդկանց մոտ դադարի։ Ինչպես նաև եկեղեցական իշխանությունը պետք է գնահատի՝ անհրաժեշտ է, թե ոչ»։
Նրա խոսքով` վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև իր ազգական` քեռու կինը։ Սրբազանը պատմել է, որ երբ հրավիրվել է Քննչական կոմիտե, իրեն ասել են, թե կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը պարտավոր է չբացահայտել։
«Ասացի՝ շատ լավ, իսկ այդ արգելքը վերաբերվում է միայն ի՞նձ, թե՞ նաև ձեզ։ Պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Ստացվում է մի դարպասով ֆուտբոլ։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Եվ հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ և չորրորդ անձանց ձեռքը»։
Պատասխանելով հարցին՝ արդյոք կհեռանա Ամենայն հայոց կաթողիկողը, թե ոչ, Արշակ Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա:
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են առաջ մղել: Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել մի խումբ եպիսկոպոսներ: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը ու ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը: Կաթողիկոսը չի կարող հեռանալ»: Հոգևորականը վստահություն է հայտնել, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի ու չի կարող կայացվել:
Նա նաև ասել է, թե անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
«Մենք ոչ թե պետք է սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, այլ առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան»,- հավելել է Սրբազանը։
Երկրի այսօրվա ղեկավարն ուզում է ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը և որևէ կերպ հավաքական կամ անձնական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությունը, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել՝ հնարավոր չէ։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ վտանգներ և ռիսկեր է պարունակում։ Հնարավոր չէ համաձայնել մի քաղաքական խմբակի մոտեցումների, քայլերի հետ, որը հետևողականորեն քարոզում է պատմական հիշողությունից հիշողությունից հրաժարում։ Այդ «Իրական Հայաստան»-ի հայեցակարգը դրա մասին է, այն է՝ հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն մեզ համար լինել թշնամիներ։ Սա անհեռատես քաղաքականություն է, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։ Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու»,- ասել է Արշակ Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում