Հակոբյանն անձնական որևէ խնդիրներ չուներ. ակնհայտ է, որ հարձակումը կապ ունի նրա հանրային գործունեության հետ․ Մելիքյան

Հակոբյանն անձնական որևէ խնդիրներ չուներ. ակնհայտ է, որ հարձակումը կապ ունի նրա հանրային գործունեության հետ․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, լրագրողների հետ զրույցում, նշել է․ «Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ չկա, քան հրապարակային հանրային գործունեությունը։

Անձնական որևէ խնդիր չկար, և ակնհայտ է, որ հարձակումը կապ ունի նրա հանրային գործունեության հետ։ Այո, դրա շահառուն իշխանություններն են կամ իշխանության որոշակի թևերն են»,- ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ Հակոբյանը սուր քննադատական գրառումներ է կատարել։ «Պետությունը, իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն օպերատիվ կերպով մանրամասն բացահայտելու»,- ասել է  Մելիքյանը և ընդգծել, որ մի քանի ոստիկաններ արդեն այցելել են Հակոբյանին։

«Իրենց գործն են անում, թող բացահայտեն, բոլորս էլ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։

Մելիքյանի խոսքով՝ Միհրան Հակոբյանի վիճակը դեռևս զննման փուլում է։ «Միայն կարող եմ ասել, որ դեմքի հատվածում որոշակի վնասվածքներ կան, որոնք տեսանելի են»,-ասել է նա։

Ըստ Մելիքյանի՝ հարձակվողներն առնվազն 3 հոգի են եղել, դիմակներով։

Հարցին, թե ճիշտ է արդյոք նման տեղեկությունը, որ Հակոբյանին մի քանի օր հետևել են, Մելիքյանը նշել է, որ նման տեղեկություն ինքն էլ է ստացել, բայց չի կարող հաստատել։

Նա հիշեցրել է, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքը առաջինը չէ, նաև 2021 թ.-ին է եղել։ «Նրա տան դիմաց կայանված մեքենայի տակ նռնակ էին նետել, մեքենան էր վնասվել, և որևէ մեղավոր կամ կասկածյալ չէր հայտնաբերվել։ Հավատացած եմ, որ եթե այդ դեպքը բացահայտվեր, սա չէր լինի»,– ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում