Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում․ Վանեցյան

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Armlur TV-ին տված հարցազրույցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության գրոհին է անդրադարձել. «Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԱԾ աշխատակիցները,  ինչն ինձ համար, որպես նախկինում ԱԱԾ աշխատակցի,  ամոթալի է, գնում են, քահանաներին դիմում են, որ Վեհափառ Հայրապետի անունը զեղչեն պատարագների ժամանակ։ Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։ Չունի, և վերջ»,- շեշտել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանը կարծիք է հայտնել նաև, որ եկեղեցու դեմ  իշխանության ձեռնարկած գործողություններին որոշ բարձրաստիճան հոգևորականներ միացել են՝ կոմպրոմատների հետևանքով։    «Մոտ 10 բարձրաստիճան հոգևորականներ՝ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, դրա մասին առաջին անգամ եմ խոսում և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են գնացել դեպի Նիկոլ Փաշինյան։ Վստահաբար»,- ասել է Վանեցյանը։

Նա հատկապես ցավալի է որակել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը։

«Մարդ, որն ինձ հետ զրույցում մեղադրում էր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին հակահայկականության մեջ, դավաճանության մեջ, գնում, սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը… Ինձ համար դա անհասկանալի է։ Մնացածներինն էլ է անհասկանալի, բայց հատկապես Վրթանես եպիսկոպոսինը … Երևի առաջին անգամ եմ հոգևորականների մասին անունով խոսում, բայց ինձ համար դա ցավ է։ Ցավ, ամոթ և կորուստ. կորուստ մի հոգևորականի, որին շատ սիրել, գնահատել եմ»,- ասել է Վանեցյանը։

Վանեցյանը, անդրադառնալով նաև կոնկրետ իր ու իր ընտանիքի անդամների մասին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների տարածած կեղծ լուրերին, նշել է․ «Իշխանությունները ակտիվ հակաքարոզչությամբ են զբաղվում հատկապես քաղաքական օպոնենտների նկատմամբ, և հանրությունը պետք է կարողանա կեղծ լուրերը տարբերակել իրական լուրերից»։

«Օրինակ, երբ գրում են՝ «Արթուր Վանեցյանի որդին կրակել է Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով», հանրության մոտ հարց չի առաջանու՞մ՝ եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ինչու՞ Արթուր Վանեցյանի որդին ո՛չ քրեական վարույթով է անցնում, ոչ էլ ձերբակալված է»,- նշել է Վանեցյանը։ Նա շեշտել է՝ իր նկատմամբ իշխանության վարած  հակաքարոզչությունը, այսպես կոչված՝ սև PR-ը, հասել է շատ մեծ ծավալների, սրանով ցանկանում են իրեն դրդել, որ  անընդհատ արդարացողի դերում հանդես գա, ինչի կարիքը չի տեսնում։

«Ես արդարանալու ոչ մի բան  չունեմ. ապրում եմ ճիշտ, ապրում եմ ազնիվ, ճակատագրական սխալներ չեմ անում, որոնցից կարող եմ ամաչել։ Իսկ այդ հակաքարոզչությունը, որն իրականացվում է, զրո կապ ունի ինձ հետ»,- ասել է նա։

Հանրության կողմից ընդդիմադիր ուժերին տրված հարցին էլ՝ իշխանությունները ձախողել են ամեն ինչ, իսկ ի՞նչ են անելու իրենք, Վանեցյանը պատասխանել է. «Աշխատելու ենք»։

«Մեծ աշխատանք ենք անելու։ Առաջինը՝ վերականգնելու ենք մեր անվտանգությունը, որովհետև զարգացման ամենակարևոր գործոնը երկարաժամկետ անվտանգությունն է, որը, ցավոք, չկա։ Այն կեղծ խաղաղությունը, որի մասին իշխանությունը խոսում է, շատ հեղհեղուկ է և ցանկացած պահի կարող է փշրվել։ Շանտաժի լեզվով խաղաղություն չի լինում։ Ալիևի կամ Ադրբեջանի դուրը Հայաստանի իշխանությունների արած ինչ-որ մի բան հենց դուր չի գալիս, անմիջապես սպառնում են պատերազմով, իշխանությունն էլ անմիջապես սկսում է արդարանալ։ Ու դա մարդկանց ներկայացնում են իբրև խաղաղություն։ Դա կարող է կարճ ժամանակ տևել, և ցանկացած ժամանակ այդ «խաղաղությունը» կարող է փշրվել։ Իսկ մեզ պետք են երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Առաջինը դա պետք է ապահովենք, երբ գանք։

Երկրորդը՝ օրենսդրական ճիշտ փոփոխություններ պետք է անենք, որոնց արդյունքում մարդիկ կկարողանան ապրել, արարել, զարգանալ, գումար աշխատել, սովորել, առողջ, բարեկեցիկ լինել։ Ժողովուրդը հենց դրան է սպասում»,- ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում