Ուր գնացել ենք, բոլորին գյուղատնտեսության նախարարություն չունենալու հարցն է մտահոգում․ Մելքումյան
Կարդացեք նաև
Առաջարկները գույքագրելու և մարդկանց կարծիքները լսելու նպատակով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են հանդիպումների շարքը․ այս անգամ նրանք եղել են Արարատի մարզում։ Տնտեսագետ, նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանն իր խոսքում նշել է․ «Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ դրա համար պետք է համախմբվել և լսելի դարձնել ժողովրդի ձայնը։Մենք պետք է իրար լավ ճանաչենք։ Եթե իրար լավ չճանաչենք, ոչ մի բան չի ստացվելու։ Բայց լավ ճանաչելը քիչ է․ իրար պետք է նաև հարգենք ու սիրենք։ Պետք է ինչ-որ մի բանի շուրջ համախմբվենք, համախմբման գաղափար է պետք։ Մենք պետք է մի բան հասկանանք՝ միասին պետք է ուժեղ լինենք, միասին պետք է ուժ գտնենք։ Այդ ուժը մենք ունենք․ այնպես չէ, որ ուժ չկա։ Եթե այս ազգը երեք-չորս հազար տարի այսպես եկել ու ապրել է, նշանակում է՝ մեր հայ ժողովուրդը պետք է հավիտենական գոյատևի»։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են տարբեր ոլորտների խնդիրներ՝ գյուղատնտեսությունից մինչև կրթություն, երիտասարդների զբաղվածություն, թոշակներ և նպաստներ։
Գյուղաբնակներին հատկապես մտահոգել է գյուղատնտեսության նախարարություն չունենալու հարցը։ «Վերջին երկու տարիներին մեր մոտ ծառերը չորանում են, և ոչ ոք չի հասկանում՝ ինչով է դա պայմանավորված՝ ջրո՞վ է, հողի՞ց է, թե օդի՞ց։ Քանի որ մեր պետությունը չունի գյուղատնտեսության նախարարություն, չկա համապատասխան մասնագետ, որը կգա և մեզ խորհուրդ կտա։ Մնացել ենք շիվարած վիճակում, չգիտենք՝ ինչ անենք»,- նշել է բնակիչներից մեկը։