ՀՅԴ-ն 2026 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովի հայտարարությունը, հայտարարել է, որ Գերագույն ժողովը, քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։
«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց.
Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջեւ։
Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։
Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։
Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։
Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.
.մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին,
.լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,-նշել է նա։
Սաղաթելյանն ասել է, որ ժողովը լիազորել է ՀՅԴ ԳՄ այս ուղղությամբ սկսել բանակցություններն ու քննարկումները։
«Այս որոշման շրջանակներում առաջիկայում կսկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որշելու ուղղությամբ։ Բնականաբար, արժևորելով գործող «Հայաստան» դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում