Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Իրանի իշխանությունները արձագանքել են ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշմանը: Երկրի խորհրդարանը կոչ է արել երկրից վտարել եվրոպացի ռազմական կցորդներին:

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն ի պատասխան:

Գործակալության տվյալներով՝ իրանցի խորհրդարանականները քննարկում են ռազմական կցորդներին եվրոպական դեսպանատներից վտարելու հարցը, այն բանից հետո, երբ խորհրդարանը ԵՄ բանակները ճանաչել է որպես «ահաբեկչական խմբավորումներ»:

Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին հայտարարել է, որ քանի որ եվրոպական բանակներն այժմ դասակարգվում են որպես ահաբեկչական խմբավորումներ, նրանց ռազմական կցորդները պետք է հնարավորինս շուտ վտարվեն:

«Օրենքի համաձայն՝ եվրոպական երկրների բանակները պաշտոնապես համարվում են ահաբեկչական կազմակերպություններ, և դա ամրագրված է օրենքով։ Հետևաբար, մեր դեսպանատներում գտնվող այդ երկրների ռազմական կցորդները պետք է հնարավորինս շուտ վտարվեն Իրանից, քանի որ նրանք ահաբեկիչներ են», – գործակալությունը մեջբերում է Սալիմիի խոսքերը։

«Ահաբեկիչներին անվտանգ ապաստան տրամադրելը հակասում է գործող օրենսդրությանը», – ընդգծել է Մեջլիսի նախագահության անդամը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում