Արևմտյան կառույցները կորցրել են մեզ որևէ հարցում դասեր տալու բարոյական իրավունքը. Արմեն Աշոտյան

Արևմտյան կառույցները կորցրել են մեզ որևէ հարցում դասեր տալու բարոյական իրավունքը. Արմեն Աշոտյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է․ «Բազմիցս ասել եմ՝ ընտրություններն օրացուցային քաղաքական միջոցառումներ են, որոնք վաղ թե ուշ տեղի են ունենալու և դրան պատրաստվելուն զուգահեռ ինձ համար տարակուսելի է՝ քաղաքական օրակարգում այս պահին չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Առաքելական եկեղեցու պաշտպանությունը իշխանական հարձակումներից, քաղբանտարկյալների ազատության հարցը,  ՀՀ-ի շուրջ հյուսվող գեոպոլիտիկ սարդոստայնի վտանգները»։

Աշոտյանն անդրադարձել է նաև օրերս Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և նշել. «Քոչարյանն ասում էր, որ կողմ է քաղաքական հրադադարին, որի իմաստն այն է, որ պետք է դադարեն իրար հարվածել և կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Ընդունեցի այդ գնահատականը։ Սակայն տառացիորեն երեկ երկրորդ նախագահի քաղաքական  ճամբարի ներկայացուցիչը 40 րոպեի ընթացքում հանիրավի կպնում է Հանրապետականին։

Խոսելով այսօր Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգումից՝ Աշոտյանը շեշտել է՝ ուղղակի զարհուրելի է.«Արևմտյան  կառույցները կորցրել են բարոյական իրավունքը այլևս մեզ որևէ հարցում դասեր տալու։ Արշակ սրբազանի կալանքի երկարաձգումը պարզապես զավեշտ է։ Երբ կողքը դնում ես ԵԽԽՎ զեկույցի տեքստը, հասկանում ես, որ երբեք այդ խորհրդարանական ձևաչափի հապավման միջի խ–երն այդքան արդարացված չեն եղել` հաշվի առնելով իրենց կույր, համր և խուլ վիճակը Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ »։

Աշոտյանն անդրադարձել է «Վարչաբենդի» համերգին և հեգնանքով արձանագրեց, որ շատ տպավորված է։

«Ես շատ տպավորված եմ «Վարչաբենդի» համերգով, համարյա Grammy-ին, Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում էր, իհարկե, մի քիչ զիջում էր, զուտ այն պատճառով, որ Բիբերը գուլպաներով էր, եթե Նիկոլ Փաշինյանը մյուս անգամ Grammy-ի լավագույն ավանդույթները բերի «Վարչաբենդի» համերգին, ես կարծում եմ, որ հասարակությունն էլ ավելի տպավորված կլինի»,-նշել է նա։

Լրագրողները հիշեցրել են, որ նախկին վարչապետներից օրինակ Կարեն Կարապետյանն էլ էր նվագում, որին ի պատասխան Աշոտյանը նշել է. «Դե կներեք, որ մենք՝ Շարմազանովը, Արման Սահակյանն ու ես  երգում էինք, Նիկոլն ո՞ւր էր, ինքն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր «շեյր» անում  իր էջով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում