Վեհափառը չի ցանկացել ծանոթանալ փորձաքննությանը․ այն անօրինական եղանակով էր հայտնվել Արման Սարոյանի ձեռքերում․ Արսեն Բաբայան

Վեհափառը չի ցանկացել ծանոթանալ փորձաքննությանը․ այն անօրինական եղանակով էր հայտնվել Արման Սարոյանի ձեռքերում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վեհափառը չի ցանկացել ծանոթանալ այդ փորձաքննությանը՝ արձանագրելով, որ ի սկզբանե Արման Սարոյանին ասվել էր, որ այդ փորձաքննության եզրակացությունը չի կարող լինել նրա ձեռքերում։ Բաբայանը շեշտել է, որ Վեհափառ Հայրապետը չի ծանոթացել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ ՔԿ ներկայացրած փորձաքննության եզրակացությանը։

«Արման Սարոյանին ասվել է, որ եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքերում է անօրինական եղանակով, ես հրաժարվում եմ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն՝ անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ միջազգային փորձաքննության եզրակացությունը ինքը կուղարկի Մայր Աթոռ։

Իր խոսքում Բաբայանն ասել է․ «Մենք բերում ենք տվյալներ, փորձաքննությունների եզրակացություններ, որ տեսանյութերը կեղծված են։ Փոխարեն այդ ուղղությամբ քննություն իրականացնեն, պարզեն, թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրենք, կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով, ամեն անգամ առիթն օգտագործում են, այն կեղծ թեզը պնդելու, թե հաստատված է, որ տեսանյութում Արշակ Սրբազանն է։ Հենց այս պահին հաստատվեց, որ այդ տեսագրությունները գոյություն չունեն և այդ տեսագրության մեջ պատկերված անձը գոյություն չունի իրականության մեջ, և այդ անձն էլ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ»։

Ինչ վերաբերում է Արման Սարոյանին՝ Բաբայանը նշել է. «Նա առիթը բաց չի թողնում ամեն հարցազրույցում պնդելու, թե հաստատված փաստ է, որ տեսագրությունում Արշակ Սրբազանն է, կարծես, կա՛մ նկարահանումն է ինքը արել, կա՛մ էլ՝ մոնտաժը։ Քանի որ իր վերջին հարցազրույցի ժամանակ ինձ էր անդրադարձել, ես իրեն մի կոչ ունեմ։ Բոլորդ էլ գիտեք, որ իր հետ կապված մի հեռախոսային ձայնագրություն կա։ Քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը կեղծ է, հորդորում եմ իրեն, որ ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի և դրանով իր ասածը փորձի հաստատել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում