Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ որոշվում է փոխզիջման հիման վրա. ղազախ փորձագետ

Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ որոշվում է փոխզիջման հիման վրա. ղազախ փորձագետ

Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա` անկախ պետության մեծությունից, և Հայաստանը որպես լիիրավ անդամ ձայնի և վետոյի իրավունք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում կազմակերպված «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովում նշեց Ղազախստանի Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերիկ Կոժկենովը:

Փորձագետի խոսքով` Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրներին պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել երրորդ երկրների հետ, եթե դա համապատասխանում է իրենց` ԵՏՄ պայմանագրային պարտավորություններին: Հայաստանի Հանրապետության համար առաջնային պետք է լինեն ազգային տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական շահերը` միության շրջանակներում:

«Եթե Հայաստանը կարողանա կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, ապա այդ կերպ իր ներդրումը կունենա միությունում` միաժամանակ մեծացնելով երկրի մրցունակությունը»,- ասաց Կոժկենովը` հավելելով, որ Հայաստանի ուժեր կողմերն են նաև ինտելեկտուալ կապիտալը և մարդկային ներուժը:

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Տամարա Գուզենկովայի կարծիքով` տնտեսական միության մյուս անդամ երկրներին կարող է հետաքրքիր լինել հայաստանյան փորձը` փոքր և միջին ձեռներեցության ոլորտում: Նրա խոսքով` մասնավորապես, Ռուսաստանը ավելի շատ ուշադրություն է դարձրել խոշոր բիզնեսներին և այս տեսանկայունից հայկական փորձը կարող է օգտակար լինել ՌԴ-ի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում